«Ինքը ոչ հավասարակշռված անձ է». Աջապահյանը հոգեհանգստի կարգի չի գնացել Փաշինյանի պատճառով

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշել է, որ ինքն իր հոտի հետ է, իսկ հոտը դժգոհ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Գյումրիում այսօր` 1988–ի ավերիչ երկրաշարժի 32–րդ տարելիցի օրը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ, որը, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ մատուցեց Շիրակի թեմի քահանաներից մեկը։ Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ներկա չէր: 

Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցի ժամանակ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չհերքեց՝ պատճառը ՀՀ վարչապետի ներկայությունն էր:

«Դեռ մեկ շաբաթ առաջ ես իմ հարցազրույցներում իմ կարծիքը հայտնել եմ, որ ինքը ոչ հավասարակշռված անձ է, ես իմ կարծիքը հիմա էլ չեմ փոխել: Նրա ներկայությունն իմ համար տհաճ է։ Ես իմ հոտի հետ եմ ու կիսում եմ իմ հոտի դժգոհությունը։ Ինչ մնում է անմեղ զոհերին հարգելուն՝ առավոտյան իմ ձեռամբ է Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվել պատարագ ի հիշատակ անմեղ զոհերի»,-նշեց թեմակալ առաջնորդը:

Հիշեցնենք`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Գյումրի։ Վարչապետի առաջին կանգառը եղել է Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։

Նիկոլ Փաշինյանն այցելել է երկրաշարժի էպիկենտրոն՝ Շիրակամուտ

Նրան ուղեկցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավորներ, ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ։ 

Վարչապետի անունից ծաղկեպսակ է դրվել եկեղեցու բակում գտնվող՝ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ։

1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում գրանցված երկրաշարժի հետևանքով, պաշտոնական տվյալներով, զոհվել է 25 հազար մարդ, 140 հազարը հաշմանդամ են դարձել, ավելի քան 500 հազարը զրկվել է տնից։

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. նա այցելել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի. լուսանկարներ