ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Շվեյցարական Ցյուրիխ քաղաքում այսօր կայացել է Աշխարհի 2022 թվականի առաջնության եվրոպական ընտրական գոտու վիճակահանությունը։ Հայաստանի հավաքականը ընդգրկվել է ընտրական J խմբում, որտեղ մերոնց մրցակիցներն են լինելու Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի ընտրանիները։
Հայաստանի հավաքականը վիճակահանության ժամանակ ընդգրկված էր հինգերորդ զամբյուղում, այսինքն` վարկանիշով բարձր մեր թիմին բաժին էին հասնելու առաջին չորս զամբյուղներում ընդգրկված հավաքականները և վեցերորդ զամբյուղի ներկայացուցիչներից մեկը։ Չի կարելի ասել, որ վիճակահանությունը բարեհաջող եղավ մեր թիմի համար։ Առաջին զամբյուղից մեզ բաժին հասավ աշխարհի բազմակի չեմպիոն Գերմանիայի հավաքականը։ Այնուհետև ըստ հերթականության Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականները։
ՈւԵՖԱ-ի անդամ 55 երկրերը բաժանվեցին տասը ընտրական խմբերի, որոնցում հաղթող հավաքականը միանգամից իրավունք կստանա հանդես գալու աշխարհի առաջնությունում։ Խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականները, ինչպես նաև Ազգերի լիգայի երկրորդ խաղարկությունում վարկանիշով լավագույն երկու հավաքականները կանցկացնեն փլեյ օֆֆ փուլը, որտեղից էլ երեք հավաքականներ նույնպես իրավունք կստանան հանդես գալու Կաթարում 2022 թվականին անցկացվելիք աշխարհի առաջնությունում։
Հայազգի 19-ամյա ֆուտբոլիստը նորամուտն է նշել Լա Լիգայում
Ընտրական խմբերում թիմերը առաջին հանդիպումները կանցկացնեն 2021 թվականի մարտի 24-25-ին։