ՀՀ–ի և Ադրբեջանի մասնակցությամբ կենտրոն ստեղծելու հարցը քննարկման փուլում է. Լավրով

Սերգեյ Լավրովը խոսեց եռակողմ հայտարարության արդյունքների և այս պահին հրատապ համարվող հարցերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Բանակցություններն անցել են բարեկամական, գործընկերային միջավայրում՝ լիովին համապատասխան այն մթնոլորտին, որ կա Երևանի և Մոսկվայի միջև։ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն այսպես գնահատեց Մոսկվայում հայաստանցի գործընկերոջ` Արա Այվազյանի հետ անցկացրած քննարկումները։

Հայաստանը պետք է վերանայի եռակողմ հայտարարությունն ու վերաբանակցի ՌԴ–ի հետ. Նավասարդյան

Լավրովը նշեց, որ նոյեմբերին Հայաստան կատարած այցելության ընթացքում քննարկվել է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը հաջորդած իրավիճակը, խոսվել է այն քայլերի մասին, որոնք պահանջվում են հակամարտության լիարժեք կարգավորման համար, անդրադարձ է արվել հայ-ռուսական երկկողմ կապերին։

«Մենք միակամ ենք այն հարցում, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը տալիս է բոլոր հնարավորությունները Ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար՝ արդարության հիմքի վրա՝ հօգուտ հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերի, Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու նպատակով։ Հրադադարն արդեն պահպանվում է գրեթե մեկ ամիս, շարունակվում է փախստականների վերադարձը, կա առաջընթաց զոհերի մարմինների, գերիների փոխանակման հարցում, զոհվածների մարմինների, անհետ կորածների որոնողական աշխատանքներում»,- ասաց Լավրովն ու ընդգծեց, որ այս հարցերը հրատապ են և այդ մասին արդեն խոսվել է։

Այս համատեքստում Լավրովն ընդգծեց խաղաղապահ առաքելության կարևորությունը։

ՌԴ ԱԳ նախարարը կարծում է, որ միջպետական ճանապարհների ապաշրջափակումը կնպաստի երկրների տնտեսական զարգացմանը։ Լավրովը խոսեց նաև հումանիտար աջակցության ցուցաբերման կենտրոնի ստեղծման կարևորության մասին։

Նա շեշտեց՝ մտահղացումը նախագահ Վլադիմիր Պուտինինն է, նա առաջարկել է այս կենտրոնը դարձնել միջազգային՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ։ Այս պահին քննարկվում են գործնական որոշ հարցեր։ Կենտրոնի աշխատանքներում ներգրավված են լինելու ռուսաստանյան մի շարք նախարարություններ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Այվազյանը դեկտեմբերի 6-7-ն աշխատանքային այց է կատարելու Մոսկվա։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության, ԵԱՏՄ, ՀԱՊԿ ու ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական փոխներգործության, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցությունում դիրքորոշումների կոորդինացիայի վերաբերյալ հարցեր։

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցի