Դոլարի փոխարժեքն աճում է, իսկ սննդի գինը՝ դեռ ոչ․ որո՞նք են այս «պարադոքսի» պատճառները

Մեկ ամսվա ընթացքում դոլարի փոխարժեքը Հայաստանում աճել է, իսկ մթերքն ու դեղերը գրեթե չեն թանկացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik Նոյեմբերի սկզբից դոլարի փոխարժեքն աճել է (մոտ 490 դրամից հասել է 510 դրամի), սակայն գները, այդ թվում՝ մթերքինը, առանձնապես չեն աճել։ Այդ մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։

Ոչ մի գնաճ չի լինի. նախարարն ասել է` ինչպես կլրացվի թուրքական ապրանքների բացը

2020 թվականին նոյեմբերին, 2019 թվականի նոյեմբերի համեմատ, այսինքն՝ 12 ամսվա ընթացքում, գներն աճել են ընդամենը 1,6%-ով, իսկ վերջին մեկ ամսվա մեջ՝ 1,3%-ով։ Այսպիսով` գնաճը, որից բոլորը վախենում էին, տեղի չունեցավ։

Դա կարող է կապված լինել այն փաստի հետ, որ առևտրի ու ծառայությունների շրջանառությունը երկրում զգալիորեն կրճատվել է։ Մասամբ դա կարող է կապված լինել բնակչության եկամտի կրճատման հետ, մասամբ՝ սպառման ծավալի նվազեցման ( խոսքը հատկապես ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է)։ Ընդհանուր առմամբ՝ հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առևտրի ու ծառայությունների շրջանառությունն ավելի քան 10%-ով կրճատվել է։ Ընդ որում, հոկտեմբերին (հասանելի վերջին տվյալներն են) առևտրի շրջանառությունը շարունակում էր անկում ապրել, իսկ ծառայություններինը՝ արդեն ոչ («արդեն», քանի որ կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով այն դեռ գարնանն ու ամռանն էր անկում ապրել)։

Օղու ու սիգարետի հարցում ամեն ինչ պարզ է

Տարվա մեջ զգալի թանկացել են ալկոհոլն ու սիգարետը, բայց դրա պատճառները կապ չունեն ճգնաժամային իրադարձությունների հետ։ 2020 թվականի հունվարից դրանց ակցիզը նորից աճել է (բացառությամբ գինու)։ Յուրաքանչյուր տարի՝ մինչ 2024 թվականը, հարկն ավելանալու է մոտ 15%-ով, որ հասնի Եվրասիական տնտեսական միության միջին մակարդակին։

Ալյուրն ու կարագն ինչպես կարողանում` պահում են

Ինչ վերաբերում է ոչ թե ընդհանուր առմամբ վերջին տարուն, այլ վերջին ամսվան, ապա մյուս ապրանքների համեմատ թանկացել են (բայց ոչ զգալի) մթերային ապրանքները՝ 2,8%-ով։

Միաժամանակ հացի ու ձավարեղենի գինը գրեթե չի բարձրացել, կարագի ու արևածաղկի յուղի, շաքարավազի գինը մոտ 2%-ով է աճել։ Միաժամանակ, միջազգային շուկաներում բոլոր ապրանքները զգալիորեն թանկացել են․ հացահատիկը Ռուսաստանում հուլիսից թանկանում էր (գնի մի փոքր իջեցում է եղել նոյեմբերի վերջին), շաքարի համաշխարհային գները ապրիլից հոկտեմբեր ամիսներին դարձել են 230-ից 300 դոլար մեկ տոննայի դիմաց, մշակաբույսերը 2014 թվականից ամենաբարձր մակարդակի վրա են։

Ի դեպ, Հայաստանի ներսում ներկրողները փորձում են չբարձրացնել գները․ մասամբ երկրում ստեղծված բարդ սոցիալական վիճակի պայմանների պատճառով, մասամբ էլ այն պատճառով, որ 2018 թվականից հետո Հայաստանի շուկաներում իրական մրցակցությունն ուժեղացել է։ Իսկ սպառողի համար մրցելը հիմա առանձնապես դժվար է։

Դեղորայքը նույնպես

Թեև դեղորայքի (ու տեղական դեղորայքի հումքի) մեծ մասը ներմուծվում է Հայաստան, սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում դեղերն ընդամենը 0.6%-ով են թանկացել։

Թուրքական լոլիկնե՞րը

Ամենաշատը թանկացել են մրգերն ու բանջարեղենը։ Սակայն նույնիսկ հիմա բանջարեղենն ավելի էժան է, քան մեկ տարի առաջ՝ 2019 թվականի նոյեմբերին։ Ճիշտ է, պատճառներից մեկը կարող է լինել ոչ այդքան հաճելի․ նույնիսկ 2020 թվականի հոկտեմբերին ներկրողներն ակտիվորեն շարունակում էին թուրքական վարունգ ու լոլիկ ներկրել Հայաստան (դրա մասին հայտնել է «Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահ Պողոս Գևորգյանը)։ Հայաստանում ջերմոցում բանջարեղեն աճեցնողների բերքերը կրճատվել են այս տարվա տնտեսական բարդությունների պատճառով։

Իջել է նաև խաղողի գինը, քանի որ այս տարի գինու ու կոնյակի գործարանները կրճատել են մթերումը, այդ պատճառով շուկայում ավելի շատ խաղող է մնացել։

Եվ վերջապես` աշխատավարձերը

Աշխատավարձերը Հայաստանում հոկտեմբերին ոչ միայն չեն իջել, այլ նույնիսկ 1%-ով աճել են՝ կազմելով միջինը մոտ 182 հազար դրամ, իսկ հարկը հանած («մաքուր») աշխատավարձը կազմել է 140 հազար դրամ։ Ճիշտ է, աշխատողների զգալի մասը, հատկապես, քիչ վարձատրվող, աշխատում են առանց պայմանագրի (տաքսիստներ, մատուցողների մի մասը, լցակայանների աշխատակիցները և այլն)։ Այդ պատճառով վիճակագրությունը չի արձանագրում ՝արդյո՞ք նրանց եկամուտները նվազել են, և եթե այո` որքանով։ Սակայն ենթադրաբար մարդիկ ավելի քիչ ազատ գումար ունեն։ Դա անուղղակիորեն կարելի է ենթադրել այն փաստից, որ ներկրվող կարևոր սննդամթերքի գները զգալի չեն աճում, չնայած դոլարն աճում է։ Որպես կանոն` դա նշանակում է, որ սպառողները սկսում են ավելի քիչ ապրանք գնել, ու ներկրողները չեն բարձրացնում գները՝ մրցելով վաճառքի համար։

Դրամի փոխարժեքն ընկնում է, բայց անհանգստանալ պետք չէ․ Արամյանը բացատրում է` ինչու