ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Տեղեկությունը Սիմոնյանը հայտնել է Facebook-ի իր էջում։
Նա շնորհակալություն է հայտնել կենտրոնի պրոֆեսիոնալ թիմին, որոնք գիշեր-ցերեկ քրտնաջան աշխատանքով մարդկային կյանքեր են փրկել։
Սիմոնյանը հայտնում է, որ պատերազմի ընթացքում այրվածքաբանների շնորհիվ որակյալ մասնագիտական բուժօգնություն են ստացել ծանր այրվածքներ ստացած 122 զինծառայող, կատարվել է 75 բարդ վիրահատական միջամտություն։
Պատերազմի ընթացքում կենտրոնի ենթակայությամբ գործող շուրջ 40 շտապօգնության մեքենաներով կազմակերպվել է սահմանագոտուց վիրավորների տեղափոխման ամբողջական գործընթացը։
Ձեռք են բերվել մի շարք սարքավորումներ։ Մասնավորապես 1986 թվականի խորհրդային արտադրության ռենտգեն սարքը փոխարինվել է 2020 թվականի արտադրության թվային ռենտգեն սարքով։ Ախտորոշիչ լաբորատորիայի անխտիր բոլոր սարքերը փոխարինվել են 2020 թվականի արտադրության ավտոմատ ախտորոշման սարքերով, ինչը, նվազագույնի հասցնելով մարդկային գործոնը, անհամեմատ բարձրացրել է ախտորոշման ճշգրտությունը։
Արարատի մարզի մի շարք համայնքապետներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Սիմոնյանն անդրադարձել է նաև աշխատողների աշխատանքային պայմանների բարելավմանը։ Մասնավորապես 2019 թվականի հունիս ամսվա դրությամբ անձնակազմի միջին աշխատավարձը կազմել է շուրջ 130 հազար ՀՀ դրամ, 2020 թվականի հոկտեմբերի դրությամբ արդեն՝ 240 հազար ՀՀ դրամ։
Բնակչության 45 %-ը կարծում է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա. հարցում
Նա նաև դրական է գնահատել 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին դրամարկղի մուտքերը, որը միայն լաբորատոր ծառայության գծով կազմել է շուրջ 10 մլն ՀՀ դրամ (2019 նույն ժամանակահատվածում դրամարկղի մուտքը 0 է եղել)։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5–ին Այրվածքաբանության ազգային կենտրոնում գտնվող վիրավոր զինծառայողներին էին այցելել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։