ՌԱԴԻՈ

Աղետից 32 տարի է անցել, բայց Շիրակի մարզում «դոմիկները» չեն վերացել

Սպիտակի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած գյումրեցիների խնդիրների ու բնակարաշինական ծրագրերի մասին Sputnik Արմենիան զրուցել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի հետ:
Sputnik
Աղետից 32 տարի է անցել, բայց Շիրակի մարզում «դոմիկները» չեն վերացել

Անցած 32 տարիների ընթացքում Շիրակի մարզում բնակարանաշինական ամենածավալուն ծրագիրը երկրաշարժից անմիջապես հետո իրականացրել են ԽՍՀՄ հանրապետությունները։ Այդ ժամանակ մարզում կառուցվեց 4800 բնակարան, որից 4500-ը՝ միայն Գյումրիում:

Երկրաշարժի զոհերի հիշատակը ոգեկոչում ենք` ևս մեկ ցավ ունենալով մեր հոգում. ՀՀ նախագահ

«Դա 1989-1992 թվականներին էր: Դրանից հետո մյուս ամենամեծ ծրագիրը «Լինսի» հիմնադրամի ծրագիրն էր»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:

Արդեն 2010-2016 թվականներին «Գլենդել Հիլզ» կազմակերպության կողմից աղետի գոտում կառուցվել է 3330 բնակարան, որից 2812-ը՝ Գյումրիում: «Անօթևանության հարցի լուծմանն ուղղված խոշոր ծրագիր էր նաև բնակարանի գնման վկայագրերի «Ուրբան» ինստիտուտի ծրագիրը, որի շնորհիվ մարզում բնակարան ձեռք բերեց 4838 ընտանիք, այդ թվում Գյումրիում՝ 4091 ընտանիք»,-նշեց Ալբերտ Մարգարյանը:

Անդրադառնալով մարզում անօթևանության խնդրին, Մարգարյանը նշեց, որ Գյումրիում այս պահին չկա ընտանիք, որը պետության կողմից ճանաչվել է երկրաշարժի հետևանքով անօթևան ու չի փոխհատուցվել: Բացառություն են կազմում 1 կամ 2 դատական գործընթացով իրենց անօթևանի կարգավիճակը վերականգնած ընտանիքները:

Երկրաշարժից հետո անօթևան մնացածների համար դեռ տներ են կառուցվում. ծրագրի վերջին փուլն է

«Չկան ընտանիքներ, որոնք լինելով երկրաշարժից անօթևան և ճանաչված լինեն շահառու ու նրանց հարցը լուծված չլինի, սրան զուգահեռ կան ընտանիքներ, որոնք 1988 թվականի հետևանքով կորցրել են բնակարան, բայց ինչ որ պատճառներով շահառու չեն ճանաչվել»,-նշեց Ալբերտ Մարգարյանը:

Նշենք, որ ըստ վերջին հաշվառման, Շիրակի մարզում առկա է 3547 ժամանակավոր կացարան, որից 2858-ը՝ Գյումրիում: Քաղաքը տնակներից ազատելու նպատակով դեռ 2018 թվականին ՀՀ կառավարության արտագնա նիստում ընդունված որոշման համաձայն՝ ձևավորվեց հատուկ հանձնաժողով: