Առաջնային հարցը մնում է բանակցություններին վերադառնալը. Այվազյանն ասաց` երբ է դա հնարավոր

ՀՀ արտաքին գործերի նախարարը կարծում է, որ պետք է հող նախապատրաստենք ԼՂ բանակցային նոր գործընթաց սկսելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան` ԼՂ հարցով բանակցությունների սկսման քննարկումների համար։ Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը` պատասախանելով հարցին, թե ի՞նչ քայլեր են իրականացվելու ԼՂ հակամարտության լուծման համար, քանի որ եռակողմ հայտարարությունը կարծես կարճատև լուծում էր։

«Ես չէի ասի, որ եռակողմ համաձայնագիրը ժամանակավոր է` կրակի դադարեցման և արյունահեղման կանխման առումով։ Համաձայնագրում առանձին դրույթներ կան` փախստականների վերադարձին և այլ հարցերին առնչվող, որոնք եզրագծում են ԼՂ հակամարտության լուծման հիմնական պարամետրերը»,–ասաց Այվազյանը։

Նա ասաց, որ, բնականաբար, առաջնային հարցը մնում է բանակցություններին վերադառնալը, որոնք կսկսեն անմիջապես այն ժամանակ, երբ հակամարտության գոտում իրավիճակը կկայունանա։ Այվազյանը կիսեց իր Ռուսաստանի գործընկերոջ այն կարծիքը, թե «զգույշ լավատեսություն» կա այդ իմաստով։ ՀՀ արտգործնախարարի խոսքով` պետք է ամեն ինչ անել, որ չկրկնվի այն ողբերգությունը, ինչ վերջին ամիսներին տեղի ունեցավ։

Հայաստանը մեզ չի խնդրում ճանաչել Ղարաբաղը. Ֆրանսիայի արտգործնախարար

Այվազյանը կարևորեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը, որը, ըստ նրա, ԼՂ հակամարտության վերջնական լուծման հարցում միջազգային աջակցության մասին է փաստում։

Այվազյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ պետք է հող նախապատրաստենք բանակցային նոր գործընթաց սկսելու համար։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ իր հերթին ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին տարիներին մեծ աշխատանք են կատարել։

Ըստ Լավրովի` Մինսկի խումբն աշխատել էր համակարտության լուծման հնարավոր ճանապարհի գտնելու շուրջ, և եռակողմ համաձայնագրի դրույթները հիմնված են հենց դրա վրա։ Մասնավորապես, խոսքը գնում է 7 շրջանները տալու, խաղաղապահների տեսակայման, Լաչինի միջանցքի բացման և հեռահաղորդակցության վերականգնման մասին։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձվում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։