Ռուս զինվորական բժիշկներն արդեն Ստեփանակերտում հիվանդների են ընդունում

Արցախում ռուսական հատուկ նշանակության բուժանձնակազմն արդեն գործի է անցել՝ զննում և բուժում է բնակիչներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Հատուկ նշանակության բժշկական ջոկատը սկսել է օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատը օգնություն է ցուցաբերում տեղի բնակչությանը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Օրվա ընթացքում ռուս զինվորական բժիշկներն ընդունել են մոտ 40 տեղացի բնակիչների։ Խորհրդատվություն, զննում և որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել թերապևտները, վիրաբույժները և այլ մասնագետները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանման կազմում Ստեփանակերտ են ժամանել ավելի քան 60 բժիշկներ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Կային, կան ու կլինեն մեր կողքին. մոսկովյան բժիշկներն ամեն ինչ անում են Արցախի համար

Նշվում է նաև, որ երկրորդ զինվորական հոսպիտալը տեղակայվում է Մարտակերտ քաղաքում:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են