ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «իսկական աղետ» է համարում Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևը։
Ahvalnews-ը հաղորդում է, որ Թուրքիայի առաջնորդը փաստաթուղթը համարում է ոտնձգություն Ադրբեջանի ինքնիշխանության դեմ:
Նրա խոսքով` Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը ոչ թե հավակնում էր որևէ մեկի հողին տիրանալ, այլ ազատագրել է սեփական տարածքները, որոնք օկուպացվել են Հայաստանի կողմից գրեթե երեք տասնամյակ առաջ, չնայած ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի բանաձևերին:
«Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված որոշումը իսկական աղետ է ու սկանդալ»,–հայտարարել է նա:
Էրդողանը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել ֆրանսիացի խորհրդարանականների որոշմանը։
Հիշեցնենք` Ֆրանսիայի խորհրդարանը դեկտեմբերի 3-ին ընդունեց մի բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտությունը։ 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունված բանաձևը խորհրդատվական բնույթ ունի Ֆրանսիայի կառավարության համար։
ԼՂ–ին առնչվող բանաձևի ընդունումը խորհրդանշում է Ֆրանսիայի վճռական բողոքի ձայնը. Նաղդալյան
Բաքվում Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի պատճառով։