ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19:00–ի դրությամբ, Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են: Հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը` մանրամասնելով, որ պատճառն առատ տեղացող ձյունն է։
«Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ»,–նշված է ՊՈԱԿ–ի ֆեյսբուքյան էջում։
«Ճանապարհային դեպարտամենտը» ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների վարորդներին հորդորում է տվյալ ուղղությամբ չերթևեկել։
Նշենք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ հայտնել էր` Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է) և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Հայաստանի երեք մարզում նկատելի կցրտի. եղանակի տեսություն
Սյունիքի (բացի Մեղրի քաղաքից) և Տավուշի (բացի Իջևան քաղաքից) մարզերում, Դիլիջանի ոլորաններում, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Վանաձոր քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում, Ճամբարակի լեռնանցքում, Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում և Արթիկ քաղաքում տեղում է ձյուն։