Արցախցիների հանդեպ բռնության կոչեր արած անձն ազատ է արձակվել, բայց հարցը փակված չէ

Դատարանը ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչել, սակայն քրեական հետապնդումը շարունակվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Արցախցիների և մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ Facebook-ում տեսաուղերձով բռնության կոչեր արած, վիրավորական արտահայտություններ հնչեցրած տղամարդն ազատ է արձակվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում։

Արցախցիների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձը ձերբակալված է. Գոռ Աբրահամյան

«Քիչ առաջ պարզեցի, որ նա ազատ է արձակվել՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա»,- գրել է Աբրահամյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ, այնուամենայնիվ, տվյալ անձի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է։

Հիշեցնենք՝ խոսքը վերաբերում է նոյեմբերի 13-ին օգտատերերից մեկի հրապարակած տեսանյութին, որում ավտոմեքենայի սրահում գտնվող 4 անձանցից մեկը բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է հնչեցնում մի քանի քաղաքական գործիչների, ինչպես նաև արցախցիների նկատմամբ։

Փաշինյանն ակնկալում է, որ ընդդիմությունն էլ բռնությունը բացառելու հայտարարություն կանի

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժնում դեկտեմբերի 2-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):

Բռնության, բռնության գործադրումն արդարացնող և ատելության շեշտադրումներով կոչեր անող անձը նշված հանցավոր արաքը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր։  Նշենք, որ գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, նախաքննությունը շարունակվում է։