ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. «Վիվա-ՄՏՍ»–ը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ անունից հանդես եկող անհայտ անձանց կողմից քաղաքացիներից գումար շորթելու փորձեր են կատարվում։
«Խարդախությամբ գումար շորթելու նպատակով բաժանորդներին տեղեկացնում են, թե իբր «Վիվա-ՄՏՍ»-ի կողմից անցկացվում է մրցույթ կամ խաղարկություն, որին մասնակցելով՝ հաղթողն իբր կստանա մրցանակ (հեռախոս և այլն): Խարդախություն իրականացնողները բաժանորդից պահանջում են տրամադրել այնպիսի տեղեկություններ, որոնք պարունակում են անձնական տվյալներ ու բանկային գաղտնիք, կամ կատարել վճարումներ»,–նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Ընկերությունը հորդորում է զերծ մնալ որևիցե անհայտ անձի կամ հավելվածի, մասնավորապես՝ «Վիվա-ՄՏՍ»-ի անունից ներկայացող, անձնական կամ բանկային գաղտնիք պարունակող տվյալ տրամադրելուց կամ որևիցե անծանոթ հաշվեհամարի գումար փոխանցելուց:
Նաև՝ կոչ է անում զերծ մնալ անհայտ և անծանոթ աղբյուրներից հավելվածներ տեղադրելուց կամ ֆայլեր ներբեռնելուց, հատկապես՝ սմարթֆոններում կամ պլանշետներում: Նախքան տեղադրելն անհրաժեշտ է ծանոթանալ ծրագրի թույլտվությունների հետ:
Ընկերության անունից հանդես եկող ցանկացած առաջարկ ստանալու դեպքում այն պետք է ստուգել «Վիվա-ՄՏՍ»-ի պաշտոնական աղբյուրներից։