Ավելի քան 210 կորած հայ զինծառայողի մասին հաղորդագրություն է եկել թեժ գծին․ ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ավելի քան 1900 մարդ դիմել են կորած ազգականների, ունեցվածքի վերադարձի ու այլ հարցերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Ստեփանակերտում խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը 214 հաղորդագրություն է ստացել կորած հայ զինծառայողների մասին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Հարությունյանը Մուրադովի հետ հանդիպել է անհետ կորածների և գերեվարվածների հարազատներին

Մասնագետները ստուգել, մշակել ու խաղաղապահ գործողության կառավարման կենտրոնի որոնողական խմբերին են փոխանցել 186 զինծառայողների տվյալները։ Քառասունհինգ քաղաքացու հեռախոսով հոգեբանական օգնություն է ցուցաբերվել, ինը շնորհակալական արձագանք է ստացվել կորածների որոնման հարցում օգնելու համար։

Այս պահին ավելի քան 1900 մարդ դիմել են կորած ազգականների, ունեցվածքի վերադարձի ու այլ հարցերով։

Հիշեցնենք` ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել է իր զոհերի, վիրավորների, գերի ընկածների ու անհետ կորածների թիվը

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: