Շարժիչների հռնդյուն՝ Երևանի երկնքում․ ռուս փորձագետը պարզաբանել է ավիացիայի ակտիվությունը

Ալեքսանդր Խրոլենկոյի կարծիքով՝ Արցախում հաստատված խաղաղությունը կարող է բոլորի սրտով չլինել։ Ոմանց համար ռուս խաղաղապահները սպառնալիք են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Խաղաղությունն Արցախում բոլորին չէ, որ կարող է դուր գալ, միշտ կլինեն տարատեսակ սադրանք կազմակերպել ցանկացողներ, հենց այդ պատճառով ռուսական ավիացիան պետք է պատրաստ լինել նման սցենարները կանխելուն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրոլենկոն՝ մեկնաբանելով այս օրերին Երևանի և ընդհանուր առմամբ Հայաստանի երկնքում ռուսական ավիացիայի ակտիվությունը։

Ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են Ղարաբաղում խաղաղության պահպանման համար․ Շոյգու

Այդ ակտիվությունը նույնիսկ անզեն աչքով է երևում։ Օրական մի քանի անգամ Հայաստան ժամանող ռազմատրանսպորտային ինքնաթիռներից բացի պարբերաբար կարելի է լսել «Էրեբունի» ռուսական ավիաբազայի ՄիԳ-29 կործանիչների ձայնը։

«Դա կապված է բացառապես Ղարաբաղում խաղաղապահական գործողությունների հետ։ Տեղափոխվում են ստորաբաժանումներ, տեխնիկական միջոցներ, անհրաժեշտ շինանյութեր ու կոնստրուկցիաներ։ Այժմ մենք առաջին, բայց միաժամանակ ամենակարևոր ու ամենաբարդ փուլում ենք, որը լարված աշխատանք է պահանջում։ Իսկ լոգիստիկան ապահովում են այդ թվում նաև մարտական ինքնաթիռներն ու ուղղաթիռները», - նշեց Խրոլենկոն։

Նա կարծում է, որ հակամարտության յուրաքանչյուր գոտի յուրովի վտանգավոր է, միշտ վտանգ կա ավտոտրանսպորտային միջոցների, ռազմական շարասյունների, բեռների համար։

Արցախում ռուս խաղաղապահները շուրջ 1000 պայթյունավտանգ զինամթերք են վնասազերծել

«Չմոռանանք, որ բաժանման գծի այն կողմում ոչ միայն ադրբեջանական, այլև թուրքական զորքերն են։ Հայտնի է, որ Թուրքիայի խորհրդարանը թույլտվություն է ստորագրել՝ թուրքական զորքը Ադրբեջան մտցնելու մասին։ Հայտնի է նաև, որ թուրքական սակրավորներն աշխատում են Լեռնային Ղարաբաղում, բաժանման գծի այն կողմում», - հիշեցրեց Խրոլենկոն։

Նման իրավիճակը առիթ է տալիս մտածելու, որ հնարավոր է՝ տարբեր սադրանքներ լինեն։ Փորձագետի կարծիքով՝ Ղարաբաղում հաստատվող խաղաղությունը բոլորին չէ, որ դուր է գալիս։ Այն դեռ բավականին փխրուն է։ Տարատեսակ դիվերսիաներից խուսափելու համար մարտական ավիացիան մեծ ակտիվությամբ է աշխատում։ Հետագայում, երբ մարդիկ ու հաստիքային տեխնիկան հիմնականում տեղափոխված լինեն տեղակայման մշտական վայրեր, լոգիստիկ բեռնվածությունը կնվազի, ու Հայաստանի երկնքում կսկսեն ավելի քիչ կործանիչներ ու ուղղաթիռներ թռչել։

Խրոլենկոն կարծում է, որ հակամարտության յուրաքանչյուր կողմ յուրովի է ընկալում խաղաղապահներին։ Ոմանք ընկալում են նրանց որպես պաշտպանների, իսկ ոմանք՝ որպես սպառնալիք ու խոչընդոտ։ Անկասկած ռուսական զորքը խոչընդոտ է թուրքականի համար։ Հավանաբար, նրանք ընկալում են ռուս զինվորականներին որպես իրենցից հաղթանակը խլած մարդկանց։

Ռուս խաղաղապահներն օգնել են գտնել և վերադարձնել կորած արցախցիներին

«Ռեջեփ Էրդողանի մասնակցությունը դեկտեմբերի 8-ին Բաքվում կայանալիք շքերթին շատ բանի մասին է վկայում։ Թուրքիան տարածաշրջանում հեռուն գնացող ծրագրեր ունի», - ավելացրեց ռազմական փորձագետը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են