Փաշինյանը կրկին հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Հանդիպանը ներկա են եղել նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Վարչապետը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկատվություն են ներկայացրել գերիների, աճյունների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման, ԴՆԹ հետազոտությունների և դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագծի ձեռք բերման ու տեղադրման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մանրամասն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության մասնակցությամբ, Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ իրականացվող գործընթացներին:

Վարչապետը լսել է ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին:

Հիշեցնենք` ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Նիկոլ Փաշինյանը խոսեց գերիների ու անհետ կորածների մասին

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: