Նիկոլ Փաշինյանը խոսեց գերիների ու անհետ կորածների մասին

«Բոլորը բոլորի դիմաց» սկբբունքը վերաբերում է ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև պատերազմից առաջ հայկական ու ադրբեջանական կողմում մնացած անձանց։ Ինչ վերաբերում է անհետ կորածներին, ապա նոյեմբերի 9-ից հետո դուրս է բերվել ավելի քան 600 մարմին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմից գերեվարված անձանց վերադարձի կազմակերպման հարցում որոշակի առաջընթաց կա։ Այսօրվա իր տեսաուղերձում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով, որ գերիների վերադարձի հարցում համաձայնեցված է «բոլորը բոլորի հետ» սկզբունքը: 

«Ընդ որում` ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև պատերազմից առաջ հայկական ու ադրբեջանական կողմում մնացած անձինք: Ու հիմա մեր խնդիրն է անել այնպես, որ վերադարձնենք ոչ միայն նրանց, ում գերեվարված լինելու փաստը հաստատված է, այլև մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում նոր անուններ պարզվեն, նրանց վերադարձի հետ կապված ևս խնդիրներ չինեն»,- ասաց Փաշինյանը:

Հաջորդ կարևորագույն խնդիրն, ըստ նրա, անհետ կորածների ճակատագիրը պարզելն է: Փաշինյանը ներողություն խնդրեց լսարանից, որ տիպված է մանրամասն ներկայացնել գործընթացը՝ հաշվի առնելով դրա նկատմամբ հանրության հետաքրքրությունը:

Ռուս խաղաղապահներն օգնել են գտնել և վերադարձնել կորած արցախցիներին

«Մի կողմից Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներից մարմինների դուրսբերում է կատարվում, մյուս կողմից Հայաստանում գտնվող նահատակների անճանաչելի դարձած մարմինների ճանաչում է կատարվում»,- ասաց նա։

Վարչապետը հայտնեց, որ նոյեմբերի 9-ից հետո դուրս է բերել ավելի քան 600 մարմին, որոնցից 500-ն այս պահին դեռ ճանաչման փուլում են գտնվում:

«Այս մարմինները, ցավոք, մեր անհետ կորած եղբայրների մարմիններն են: Հիմա կատարվում է նրանց ճանաչման գործընթացը: Վերցվում է նրա մարմնից ԴՆԹ նմուշ, որը համեմատվում է հարազատների մարմնից վերցված ԴՆԹ նմուշի հետ»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ գործընթացը բավական ժամանակատար է:

Նրա խոսքով` նոյեմբերի 9-ից առ այսօր ճանաչվել ու հարազատներին է հանձնվել 130 զոհի մարմին:

Փաշինյանը նշեց, որ կա անհետ կորածների ևս մի խումբ, որոնց մասին ինքը չի ցանկանում բարձրաձայնել: Նրանց հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքի մասին այս պահին ինքը չի կարող խոսել:

260 զոհված զինծառայողի մարմին նույնականացվել է. Հայաստանը ևս մեկ սարք է փորձում ձեռք բերել

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: