ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր անձնակազմի բժշկի ու իրավաբանների հետ այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոնում գտնվող զինծառայողներին և նոր ապացույցներ ձեռք բերել ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում քիմիական տարրեր (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի կիրառության վերաբերյալ:
Տեղեկությունը Թաթոյանը հայտնել է Facebook-ի իր էջում։
«Ուսումնասիրությունները կատարել ենք հատուկ սարքերի օգնությամբ: Արձանագրված փաստերը հիմնավոր են դարձնում այդ ենթադրությունը»,–գրել է նա։
Բժիշկների եզրակացությամբ՝ զինծառայողների վնասվածքները, այտուցները (հատկապես վերին վերջույթներում) պահպանվում են տևական ժամանակ, այրվածքներից առաջացած վերքերը տեղ-տեղ խորն են, մոխրացած եզրերով, մերթընդմերթ՝ արյունահոսող, բուժմանը դժվար ենթարկվող:
Արյան մեջ նկատվում է կալցիումի և հեմոգլոբինի ցածր մակարդակ (հիպոկալցեմիա), դիտվում է լյարդի և փայծաղի չափերի մեծացում (հեպատոսպլենոմեգալիա): Ըստ մասնագետ բժիշկների՝ կիրառված զինատեսակներից արտանետված նյութերը շնչուղիներով օրգանիզմ ներթափանցելու դեպքում առաջանում է ներքին օրգանների ախտահարում, ինչը կարող է հանգեցնել առողջության երկարատև քայքայման, ընդհուպ՝ մահվան:
Ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով Արցախում 150 հա տարածք է վառվում
Ըստ բժիշկների՝ պատերազմի առաջին օրերից տարբեր աստիճանի այրվածքներ ստացած անձանց մեծ մասի մոտ դրանք տարբերվել են մինչ այդ իրենց պրակտիկայում հանդիպած դեպքերից:
«Այցի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ բուժանձնակազմի հետ, առանձնազրույցներ վիրավորում ստացած զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ: Այս արձանագրումները հնարավոր են եղել նաև Այրվածքաբանության ազգային կենտրոնի բուժանձնակազմի բարձր որակի պրոֆեսիոնալ նմուշառման ու բարեխիղճ փաստագրման շնորհիվ։ Կենտրոնի ղեկավար կազմի և բուժանձնակազմի հետ մեր համատեղ աշխատանքները կկրեն շարունակական բնույթ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Վերը նշված և բոլոր մյուս փաստերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում, կկատարվեն լրացուցիչ մասնագիտական ուսումնասիրություններ ու ըստ արդյունքների՝ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր
Հիշեցնենք, որ Ադրբեջանն Արցախում ֆոսֆորային զինամթերք էր օգտագործել, այն կիրառելով անտառներում, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում:
Ֆոսֆորային զենքը քիմիական այն զինատեսակներից է, որոնց կիրառությունն արգելված է միջազգային մարդասիրական օրենքներով։ Այն ոչնչացնում է ոչ միայն անտառները, օդը, ջուրը, կենդանական աշխարհն ու ողջ շրջակա կենսաբազմազանությունը, այլև շատ լուրջ բացասական ազդեցություն է ունենում մարդու առողջության համար։
Ադրբեջանը խաղաղ բնակչության դեմ ֆոսֆորային զինամթերք է կիրառում. Ստեփանակերտը հաստատեց
Սպիտակ ֆոսֆորից բռնկված հրդեհը գրեթե անհնար է մարել։ Անգամ մարելուց հետո այն ունակ է ինքնաբռնկվելու։ Ֆոսֆորն այրվելիս 2000-3000 աստիճան ջերմություն է առաջացնում, որից նույնիսկ մետաղն է հալվում։
Ադրբեջանա-թուրքական դաշինքի այս անմարդկային արարքի դիմաց Հայաստանն ու Արցախն ակնկալում են միջազգային կառույցների համարժեք պատասխանը։