Խուճապի մեջ պետք չէ ընկնել. Փաշինյանը` սահմանին ընթացող գործընթացների մասին

Վարչապետը շեշտեց, որ շփման նոր գիծը պետք է դառնա սահման և ոչ թե ռազմաճակատի գիծ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր տեսաուղերձում անդրադարձավ Հայաստանի սահմաններին տեղի ունեցող գործընթացներին:

«Մեր զինված ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով: Խոսքը տվյալ դեպքում Հայաստանի մասին է: Արցախի պարագան առանձին խնդիր է: Մեր սահմանին տեղի ունեցող այդ պրոցեսներն իհարկե մարդկանց ընկալումներում լուրջ խնդիրներ են առաջացում: Տարբեր գործնական խնդիրներ ևս կան, բայց այդ խնդիրներն անլուծելի չեն, և դրանց լուծման վրա մենք աշխատում ենք»,- ասաց Փաշինյանը՝ կոչ անելով այդ առիթով խուճապային տրամադրությունների մեջ չընկնել:

Վարչապետը շեշտեց, որ շփման նոր գիծը պետք է դառնա սահման և ոչ թե ռազմաճակատի գիծ:

Հիշեցնենք` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 27-ին հայտարարել էր, որ մարտական հերթապահության իրականացման նպատակով նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում: Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից։

Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումն ընթանում է միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ: