ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ հանդիպել է անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների և խաղաղ բնակիչների հարազատներին: Այս մասին Արցախի նախագահը գրել է Facebook–ի իր էջում։
«Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնել գեներալ Մուրադովին, ով անձամբ այցելել է Ադրբեջան, տեղում հանդիպել մեր որոշ ռազմագերիների հետ և նրանց անուն-ազգանունները տրամադրել մեզ, իսկ նրանց ողջ լինելու մասին հաստատված տեղեկությունն այս պահին փոխանցվում է հարազատներին»,–գրել է Հարությունյանը:
Արցախի նախագահը շեշտել է, որ Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան անառարկելի ապացույցներն են ցույց տալիս:
«Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ շարունակելու ենք սկսված աշխատանքները բոլոր գերեվարված անձանց և զոհվածների մարմինները գտնելու ու հնարավորինս շուտ վերադարձնելու ուղղությամբ»,-նշել է Հարությունյանը:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են