ՌԱԴԻՈ

Ղարաբաղյան կարգավորման գործընթացը սերտաճել է ներքաղաքական խնդիրների հետ. փորձագետ

Հարությունովի խոսքով՝ տարածքային զիջումների տարբերակը սեղանին դրված է բավականին երկար ժամանակ։
Sputnik
Ղարաբաղյան կարգավորման գործընթացը սերտաճել է ներքաղաքական խնդիրների հետ. փորձագետ

Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախա-ադրբեջանական պատերազմում արձանագրած անհաջողությունների վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումներին:

«Փաշինյանը պետք է գնա, ցանկացած բանական մարդ պահանջում է նրա հրաժարականը». Քոչարյան

Ադրբեջանը ոչ թե վերջին 1-2 տարիներին, այլ շատ ավելի վաղուց էր պատրաստվում լայնամասշտաբ պատերազմի: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկմանը, թե նաև ՀՀ վարչապետի, ՊՆ նախարարի և ԱՀ նախագահի հայտարարություններին էին արցախա-ադրբեջանական սահմանին պատերազմական գործողությունների վերսկսման պատճառը:

«Այդ բոլոր հայտարարությունները կարող էին ազդել ժամկետների վրա, բայց ասել, որ ադրբեջանական կողմը խաղաղության կողմնակից էր և այդ հայտարարություններից հետո որոշեց անցնել ռազմական գործողությունների, կարծում եմ՝ ճիշտ չէ, այսինքն՝ հասկանալի է, որ իրենց գործիքակազմում առնվազն վերջին 8-10 տարին, եթե ոչ ավելի, իրենք փաստացի պատրաստվել են պատերազմի, 2016-ի իրադարձությունները դրանց ավելի կարճ տարբերակն էին»,- ասաց նա:

Հարությունովի խոսքով՝ տարածքային զիջումների տարբերակը սեղանին դրված է բավականին երկար ժամանակ, և 2008-ից, երբ Հայաստանում սկսվեց տնտեսական ճգնաժամն ու ներքաղաքական իրավիճակը լարվեց, ՀՀ ցանկացած ղեկավարի համար լրջագույն խնդիր էր Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները:

«Այդ զիջումները 2008-10 թթ. ներքաղաքական լարված մթնոլորտում արդեն լուրջ խնդիր էին, դրանք հնարավոր կլիներ իրականացնել երևի թե այն դեպքում, եթե Ադրբեջանը ճանաչեր Արցախի անկախությունը, ինչը չէր քննարկվում և քիչ հավանական էր: Ուրիշ բան է, որ ներկայիս իշխանությունները գործընթացն արագացրին իրենց հայտարարություններով»,- նշեց փորձագետը:

Պատերազմից հնարավո՞ր էր խուսափել. պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը

Հարությունովը ուշադրություն է հրավիրում ևս մեկ հանգամանքի վրա: Չարդարացնելով գործող վարչապետի թույլ տված սխալները, փորձագետն արձանագրում է՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացը սերտաճել է ներքաղաքական խնդիրների հետ և մինչ այս պահն էլ շարունակում է սերտաճել:

«Ինքը հենց իշխանության է եկել՝ գրոհի է ենթարկվել ընդդիմության, այսինքն՝ նախկին իշխանությունների կողմից հենց այդ ուղղությամբ, որ պատրաստվում է տարածքները հանձնել: Դրանից ելնելով ինքը սկսել է մրցել նախկին իշխանությունների հետ Ղարաբաղի հարցում ավելի ագրեսիվ, կոշտ դիրքորոշում ունենալով: Փաստացի այդ դիրքորոշումն ինչ-որ պահի բերել է նրան, որ իսկապես բանակցություններն անիմաստ են դարձել»,- պարզաբանեց Հարությունովը:

Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 4-ին «5-րդ ալիքին» տված հարզացրույցում նշել էր, որ նաև ՀՀ վարչապետի՝ «Արցախը Հայաստան է և վերջ», պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ «նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց», ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ «պատերազմ եք ուզում, պատերազմ կստանաք» հայտարարությունները հանգեցրին Արցախյան պատերազմին: