Գագիկ Ծառուկյանը կրկին ԱԱԾ-ում է

Մինչ շենք մուտք գործելը Ծառուկյանը լրագրողներին հայտնեց, թե որ գործով է հրավիրվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքին չի մասնակցի: Նա այս պահին Ազգային անվտանգության ծառայությունում է:

Մինչ ԱԱԾ շենք մուտք գործելը Ծառուկյանը լրագրողներին հայտնեց, որ հրավիրվել է ընտրակաշառք բաժանելու գործով:

«Ընտրակաշառքի գործով են կանչել»,- լրագրողների հարցերին ի պատասխան ասաց նա։

Դիմում ՍԴ-ին` առանց դիմումի. ԱԺ-ն շտկել է Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով արված սխալը

Հիշեցնենք՝ երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը ծանուցագիր էր ուղարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարին։ Ծանուցագրում նշված էր, որ Ծառուկյանը դեկտեմբերի 5-ին, ժամը 14:30-ին հրավիրվում ԱԱԾ` քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ լրացուցիչ հարցաքննության:

Նշենք, որ ընդդիմադիր կուսակցություններն այսօր 15։00-ին Ազատության հրապարակում «Մասնակցի՛ր, եթե անտարբեր չես... Հանո՛ւն Արցախի ու Հայաստանի փրկության...» խորագրով համապետական հանրահավաք են կազմակերպել։

Հանրահավաքին ներկա է լինելու և ելույթ է ունենալու նաև ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը, որին ընդդիմությունը միասնական վարչապետի թեկնածու է ընտրել։

Մինչ այդ այսօր տեսաուղերձով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պատասխանեց իրեն քննադատողներին` արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած մի քանի թեզերին: