«Ես ուղղակի ապշած եմ ոմանց վրա, որ այս պարզ բաները չեն հասկանում». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ապրիլյան պատերազմին` նշելով, թե ինչի դիմաց է այն դադարեցվել, և խոսեց «5+2» բանաձևի ու Թուրքիայի` ղարաբաղյան հարցում ներգրավվելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. 2016 թ-ի Ապրիլյան պատերազմը դադարեցվել է տարածքները վերադարձնելու խոստման արդյունքում: Այսօր իր տեսաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իսկ ինչու՞ մեզ նույնը չհաջողվեց: Քանի որ մեզ ասվում էր, որ Հայաստանն արդեն մի քանի անգամ բանավոր խոստացել է վերադարձնել տարածքներն ու չի վերադարձրել, հիմա խոսակցությունը կարող է լինել միայն գրավոր փաստաթղթով: Միայն նոյեմբերի 9-ի նման մի փաստաթուղթ ստորագրելով էր հնարավոր կանգնեցնել պատերազմը»,- ասաց Փաշինյանը:

Նա դարձյալ շեշտեց, որ պատերազմի հենց առաջին օրն ԱԺ ամբիոնից արել է այդ առաջարկը, բայց ոչ ոք դրան համաձայնելու հայտարարություն չի արել: Մինչդեռ այսօր պարզվում է` բոլորը «5+2» բանաձևով հողերը հանձնելու կողմնակից են:

«Բոլորին թվում է թե «5+2»-ը Ադրբեջանը հալած յուղի տեղ ընդունելու էր: Դա դեռ պետք է քննարկվեր, համաձայնեցվեր, ստորագրվեր: Եվ երբ Հայաստանը համաձայներ, Ադրբեջանն ավելին էր ուզելու՝ Շուշի, Լաչին և այլն: Եվ ես ուղղակի ապշած եմ ոմանց վրա, ովքեր իրենց դիվանագետ համարելով` այս պարզ բաները չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանն անդրադարձավ նաև Թուրքիայի՝ արցախյան պատերազմի մեջ մտնելու խնդրին ու համոզմունք հայտնեց, որ Թուրքիան ղարաբաղյան հարցի մեջ մտել է 10 տարի առաջ՝ Սերժ Սարգսյանի վարած «ֆուտբոլային դիվանագիտության» հետևանքով:

«Երբ հայկական դիվանագիտության ձախողման հետևանքով հայտարարեց, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի, քանի դեռ Ադրբեջանի տարածքներն օկուպացված են»,- ասաց ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Ռոբերտ Քոչարյանին ու իրեն մեղադրողներին

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։