Աջափնյակի թաղապետը դիմում է գրել Մարությանին. նա խնդրում է չքաղաքականացնել

Սոցիալական հարթակներում ու կայքերում արդեն իսկ տեղեկություններ են տարածվել, որ Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատվելու դիմումը գրել է թաղապետարանի աշխատակիցների ներկայությամբ ու քաղաքական հայտարարություն անելով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Նա այդ մասին գրառում է արել Facebook-ում և նշել` քաղաքապետին խնդրել է, որ չմերժի: 

«Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեության, քանի որ ունեմ բավականին փորձ ու կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը»,- գրել է նա:

Թաղապետը նաև հրապարակավ շնորհակալություն է հայտնել Մարությանին, նրա քաղաքական թիմին ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին՝ ներդրված ջանքերի, եռանդի և նվիրվածության համար:

Իսկ հանրությանը հորդորել, խնդրել է, լրատվամիջոցներից էլ պահանջել, որ իր աշխատանքից դուրս գալու լուրը չլրացնել մտացածին և չարախոս տեղեկություններով, առավել ևս չքաղաքականացնել։

Բնակչության 45 %-ը կարծում է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա. հարցում

Բանն այն է, որ սոցիալական հարթակներում ու կայքերում արդեն իսկ տեղեկություններ են տարածվել, որ Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատվելու դիմումը գրել է թաղապետարանի աշխատակիցների ներկայությամբ` հայտարարելով, որ չի ցանկանում հող հանձնած դավաճանների իշխանության մաս կազմել և այդ պիտակով ապրել:

Թադևոսյանն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2020թ-ի փետրվարին: Մինչ այդ նա 2018-ի հոկտեմբերից եղել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը: Նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Ֆելիքս Թադևոսյանի որդին է։

Քասախ համայնքի ղեկավարը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին