Սոցապնախարարը պատասխանել է բերձորցիների բաց նամակին

Բերձորի ու մնացած բոլոր համայնքների տեղահանված բնակիչների համար ՀՀ կառավարությունն առաջիկա օրերին աջակցության առանձին ծրագիր կներկայացնի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը պատասխանել է բերձորցիների՝ ՀՀ կառավարությանն ուղղված բաց նամակին:

«Տեղեկացնում եմ, որ ինչպես Բերձոր համայնքի այնպես մնացած բոլոր համայնքների այն բնակիչների համար, ովքեր տեղահանվել են իրենց կացարաններից, նախատեսված է աջակցության առանձին ծրագիր, որը առաջիկա օրերին կներկայացվի հաստատման»,- հայտնել է նախարարը՝ արձագանքելով Բերձոր քաղաքի, Աղավնո և Սոս գյուղերի բնակիչների հրապարակային այն ահազանգին, որ կառավարության մշակած աջակցության բոլոր ծրագրերից իրենք դուրս են մնացել:

Անորոշության շեմին. բերձորցիները լքում են իրենց տները

Նշենք, որ բաց նամակում նրանք հայտնել էին, որ առնվազն զարմանք են ապրել՝ ծանոթանալով ՀՀ կառավարության աջակցության ծրագրերի մասին որոշումներով սահմանված Արցախի բնակավայրերի ցանկին:

«Նշված ցանկից բացակայում է Բերձորը: Դա առնվազն զարմանք է հարուցում, քանի որ ոչ մի տրամաբանություն չկա Բերձորն այդ ցանկում չներառելու մեջ: Ի՞նչ է, ըստ ձեզ, Բերձորից տեղահանվածները չունե՞ն բնակարանային, առողջապահական, կոմունալ ծառայությունների կարիքներ, բերձորցիները չպիտի՞ վճարեն իրենց բնակվարձերը, թե՞ կորոնավիրուսն է մեզ շրջանցելու հատուկ հանձնարարական ստացել»,- բաց նամակում նշում են բերձորցիները՝ ենթադրելով, որ այս կերպ կառավարությունը որոշել է խնայողություն կատարել բերձորցիների հաշվին:

Նամակում բերձորցիները ցավ են հայտնել, որ հաշվի չի առնվել անգամ այն հանգամանքը, որ բզկտված, վերահառնած, ապա նորից բզկտված Բերձորը ողջ Հայաստանից հետ չի մնացել պատերազմին իր մասնակցությամբ: Բերձորից տեղահանված արցախցիները շեշտում են, որ բերձորցիները տարիներ շարունակ եղել են օրինապահ քաղաքացիներ, կատարել են իրենց պարտքը պետության հանդեպ, ուստի և խնդրում են տուն-տեղից զրկված, լուրջ դժվարությունների առաջ կանգնած մարդկանց չառանձնացնել ու չզրկել աջակցությունից:

Իսկ ինչո՞ւ մեր հայտարարությունները չեք կարդում. ԱԳ նախարարը նեղսրտեց լրագրողի հարցից

«Վերանայեք ձեր որոշումը»,- պահանջում են բերձորցիներն ու հարակից գյուղերի բնակիչները:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիների համար ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել միանվագ դրամական օգնություն տրամադրել՝ յուրաքանչյուր շահառուի համար 68,000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև՝ լրացուցիչ աջակցություն՝ 15,000 դրամի չափով այն շահառուներին, ովքեր չունեն սեփականության ՀՀ-ում: Մեկ այլ որոշմամբ էլ տեղահանված արցախցիներին տրամադրվում է միանվագ օգնություն՝ 300 000 դրամի չափով: