Ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են Ղարաբաղում խաղաղության պահպանման համար․ Շոյգու

Ղարաբաղում տեղակայվել է նաև Արևելյան ռազմական շրջանի բժշկական ջոկատը, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և վիրահատական բաժիններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են Ղարաբաղում խաղաղություն պահպանելու համար, նրանց ջանքերով Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 30 հազար բնակիչ: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ուրբաթ օրը կայացած խորհրդակցության ժամանակ:

Հաշվի առնելով նոր իրողությունները՝ ՀԱՊԿ-ը կփոխի հավաքական ուժերի ծավալման պլանը. Շոյգու

Ինչպես նշել է նախարարը՝ խաղաղապահների մուտքը հակամարտության գոտի թույլ է տվել կարգավորել իրավիճակը տարածաշրջանում։

«Հրադադարի մասին ստորագրված եռակողմ հայտարարության պայմանները պահպանվում են։ Նշեմ, որ մեր զինծառայողները պրոֆեսիոնալ  են գործում և անում են ամեն ինչ, որպեսզի պահպանվի խաղաղությունը տարածաշրջանում»,-ասել է Շոյգուն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 30 հազար փախստական։

Բացի այդ, ռուս զինծառայողները մաքրում են տեղանքը և ճանապարհները պայթյունավտանգ առարկաներից:

Ռուս խաղաղապահներն ականազերծել են Ստեփանակերտի դպրոցի տարածքը

«Մաքրվել է 50 հեկտար տարածք և ավելի քան 17 կմ ճանապարհածածկույթ։ Վնասազերծվել է ավելի քան 1000 պայթունավտանգ առարկա։ Ականազերծվել են Լաչինի միջանցքը և մինչև Ստեփանակերտ ձգվող 28 կմ ճանապարհահատվածը: Վերականգնվել է այդ հատվածով քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկությունը»,-նշել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Նա հավելել է, որ միջանցքով ռուս խաղաղապահները 3,5 հազար ավտոմեքենա են ուղեկցել:

Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն խաղաղապահներին առնչվող փաստաթղթեր են ստորագրել

Ղարաբաղում տեղակայվել է նաև Արևելյան ռազմական շրջանի բժշկական ջոկատը, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և վիրահատական բաժիններով։ Մասնագետները սկսել են բուժօգնություն ցուցաբերել անձնակազմին և տեղի բնակչությանը:

«Փոխգործակցություն է հաստատված Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչների հետ»,-ընդգծել է Շոյգուն։

Նա նշել է նաև, որ խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է զոհվածների մարմինների փոխանակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև։