Քասախ համայնքի ղեկավարը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Համայնքի ղեկավարը համոզված է, որ պետության հիմնասյուները կազմաքանդած մարդիկ չեն կարող ղեկավարել մեր երկիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը ևս միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Համայնքի Facebook-յան էջում հրապարակվել է նրա ուղերձ-հայտարարությունը։

Ավշարի համայնքապետարանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Մկրտչյանը նշում է՝ պատերազմի օրերին հայ զինվորը, սպան, գեներալն ու կամավորականն առավելագույնը արեցին սահմաններն անառիկ ու անվտանգ, հասարակությունն էլ՝ առաջնագծի թիկունքն ամուր պահելու համար։

«Սակայն մեզ համար հայրենական դարձած այս պատերազմում մեր դրսևորած արիությունը բավարար չեղավ: Պատերազմի հաղթանակը պիտի ցանկանային և դրա գործին լծվեին իշխանական ամենաբարձր օղակներում գտնվող անձինք: Ցավոք, դա տեղի չունեցավ: Ստեղծված իրավիճակը թելադրում է նոր պայմաններ: Գործող վարչախումբը, ստորագրելով կապիտուլյացիոն խայտառակ փաստաթուղթը, զրկեց մեզ մեր հայրենիքի համար մղվով հայրենական պատերազմը ևս մեկ անգամ հաղթանակով ամրագրելու հնարավորությունից: Հայաստանը չի ունեցել և չպետք է ունենա պարտված ղեկավար: Հայ ժողովուրդը երբեք թուրքի առաջ ծնկի չի գալու: Մեր պետության հիմնասյուները հետևողականորեն քայքայած ու կազմաքանդած անձինք չեն կարող լինել ՀՀ-ում իշխանություն»,- նշված է համայնքի ղեկավարի հայտարարության մեջ։

Մկրտչյանը նշում է, որ վարչապետի հրաժարականը պահանջողներին միանում է ոչ միայն ինքը, այլև համայնքի հարյուրավոր բնակիչներ։ Նա կոչ է արել միանալ հայրենիքի փրկության շարժմանը` ընդգծելով, որ երկրին անհրաժեշտ են հմուտ, հայրենասեր ու արժանապատիվ կառավարիչներ:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Առաջիկա շաբաթ օրը՝ ժամը 15:00–ին, ընդդիմությունը համապետական հանրահավաք է անցկացնելու: