ՄԱԿ-ը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո

ՄԱԿ-ը պատրաստ է հակամարտության բոլոր շրջաններում արձագանքել հումանիտար կարիքներին և անհրաժեշտության դեպքում ավելացնել Հայաստանում ու Ադրբեջանում շարունակվող օգնության ծավալը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հակամարտության կողմերին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ ՄԱԿ-ը պատրաստ է արձագանքել հակամարտության բոլոր շրջաններում հումանիտար խնդիրներին և անհրաժեշտության դեպքում ավելացնել Հայաստանում ու Ադրբեջանում շարունակվող օգնության ծավալը: Նա կոչ է անում համապատասխան բոլոր կողմերին լիարժեք համագործակցել ՄԱԿ - ի կառույցների հետ ՝ նրանց համար անարգել հասանելիություն  ապահովելու համար», - ասել է նա։

Հրադադարը երկարատև խաղաղություն չէ, այլ կործանումից փրկվելու վատագույն լուծում. Անտինյան

Նրա խոսքով ՝ համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ՝ կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար:

«Նա ողջունում է հրադադարի ռեժիմի շարունակական պահպանումը՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն։ ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր նրանց, ում դա վերաբերում է, շարունակել կատարել ստանձնած պարտավորությունները, հատկապես այն հարցում, ինչ վերաբերում է միջազգային մարդասիրական իրավունքին և մարդու իրավունքներին», - հավելել է Դյուժարիկը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։