ԼՂ–ին առնչվող բանաձևի ընդունումը խորհրդանշում է Ֆրանսիայի վճռական բողոքի ձայնը. Նաղդալյան

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակը կարևորում է նաև միջազգային հանրության նման քայլերը՝ ի նպաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ–ի հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Ֆրանսիայի Ազգային ժողովի` Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևին և ողջունել այդ քայլը։

Նախորդ շաբաթ Ֆրանսիայի Սենատն էր նույնանման բանաձև ընդունել։

«Ֆրանսիայի խորհրդարանի` թե՛ ստորին և թե՛ վերին պալատների այս միասնական դիրքորոշումը խորհրդանշում է Ֆրանսիայի և ֆրանսիացիների վճռական բողոքի ձայնը։ Այդ բողոքի ձայնն ուղղված է ընդդեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ու ահաբեկիչ վարձկանների աջակցությամբ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացրած ագրեսիայի և էթնիկ զտման ու ցեղասպան նկրտումներ պարունակող քաղաքականության»,–նշված է Նաղդալյանի մեկնաբանության մեջ։

Ղարաբաղում պատերազմը կարող է շատ արագ նորից բռնկվել, եթե...

Նա կարևոր է համարում, որ բանաձևում արձանագրվում են նաև Արցախի խաղաղ բնակչության անվտանգության երաշխավորման անհրաժեշտության, Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և ԼՂ–ում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների և վարձկանների տեղակայման փաստերը։

Բացի այդ, ԱԳՆ խոսնակը կարևորում է նաև միջազգային հանրության նման քայլերը՝ ի նպաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ–ի հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծմանը։ Այդ քայլերն ի նպաստ են նաև Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչմանը, ինչն այսօր դարձել է արցախահայության անվտանգության ապահովման գլխավոր հրամայականներից մեկը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընդունած բանաձևից հետո Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել։