ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) վարկի շրջանակում Հայաստանը բժշկական լաբորատորիա է գնել։ Տեղեկությունը հայտնեց Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի նախագծային բլոկի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովը ՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Եվրասիական զարգացման բանկը, որը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարիչն է, և Հայաստանը ամռանը համաձայնագիր են ստորագրել «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» նախագծի ֆինանսավորման համար հիմնադրամի միջոցներից 1 մլն դոլարի դրամաշնորհ տրամադրելու մասին:
Շիրոկովի խոսքով՝ դրամաշնորհի շրջանակում տրամադրված միջոցներն ուղղվել են բժշկական ավտոգնացքի (լաբորատորիայի) գնմանը, և դրա միջոցով կարելի է լաբորատոր հետազոտություններ և թեստավորում անցկացնել երկրի հեռավոր շրջաններում, որտեղ նման հնարավորություններ դեռևս չկան:
«Կանայք ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման հետ կապված որոշակի խնդիր ունեն։ Եվ ահա այս ավտոգնացքը թույլ կտա գոնե մասնակի լուծել այդ խնդիրը»,-նշել է Շիրոկովը։
Մի քանի նախագիծ էլ կա հիմնական ենթակառուցվածքներ ուղղությամբ։ Մասնավորապես, իրականացման փուլում է Հայաստանի մի քանի մարզերում ոռոգման համակարգերի արդիականացման նպատակով կառավարության 40 միլիոն դոլարի վարկավորման նախագիծը: Ֆինանսավորվում է նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարությունը:
Ավելի վաղ հիմնադրամը 300 միլիոն դոլարի բյուջետային աջակցության ծրագիր էր իրականացրել Հայաստանում, որն արդեն իրականացրել է, և հիմա վարկը հետևողականորեն մարվում է։
Ինչ վերաբերում է արցախյան պատերազմին, ապա դա ոչ մի կերպ չի ազդել Հայաստանի վերաբերյալ ԿԶԵՀ-ի ծրագրերի վրա։ Բոլոր նախագծերն իրականացվում են նախատեսված ժամկետներում։ Ոռոգման ծրագրի ֆինանսավորման ուշացումներ են եղել, բայց դա կապված է եղել համավարակի, ոչ թե արցախյան իրադարձությունների հետ։
Ուռուցքաբանականում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը
«Նախատեսում ենք հետագայում ևս աշխատել, ինչպես և պայմանավորվել ենք կառավարության հետ», - նշեց Շիրոկովը:
Հիմնադրամի անդամ երկրների իշխանությունների հետ խորհրդակցություններն անցկացվում են մշտական հիմունքներով։ Հայաստանի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ դրամական միջոցների ներգրավման կարիք կունենա հաջորդ տարվա բյուջեի ծախսերի ֆինանսավորման համար:
«Այդ գնահատումները մենք հիմա էլ ենք անում։ Դրանք առաջին հերթին կապված են բյուջեի հաստատման հետ։ Դրանից հետո պարզ կդառնան կառավարության ծրագրերը 2021թ. զարգացման տեսանկյունից, և ելնելով դրանից` հնարավոր կլինի գնահատել հիմնադրամից տրվող գումարի պահանջարկը», - նշեց Շիրոկովը։
Կայունության ու զարգացման եվրասիական հիմնադրամը (նախկինում` ԵվրԱզԷՍ հակաճգնաժամային հիմնադրամ) տարածաշրջանային ինստիտուտ է, որը հիմնադրվել է 2009 թվականին վեց երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կառավարությունների կողմից։ Հիմնադրամի նպատակներն են օժանդակել անդամ պետություններին ֆինանսական գլոբալ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու գործում, տնտեսական և ֆինանսական կայունության ապահովման և տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների օժանդակության հարցում։ Հիմնադրամի միջոցները կառավարում է ԵԱԶԲ-ն։
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվել է մասնակից երկրների շուկայական տնտեսության զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճի և փոխադարձ առևտրի ու տնտեսական կապերի ընդլայնմանը նպաստելու համար: Բանկի անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: