Իսկ ինչո՞ւ մեր հայտարարությունները չեք կարդում. ԱԳ նախարարը նեղսրտեց լրագրողի հարցից

Լրագրողները համառորեն հարցեր էին տալիս տարբեր թեմաներով, իսկ նախարարն էլ համառորեն և համբերատար լռում էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Այսօր արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, փոխարենը՝ կարդաց իր գրած հայտարարությունը։ Դրանից հետո շտապեց հեռանալ գործընկերների հետ։

Արա Այվազյանը հարցերին պատասխանելու փոխարեն որոշեց կարդալ. նա բացատրեց` ինչու

Լրագրողների համառ փորձերն ու ԱԳ նախարարի «հետապնդումն» արդյունք չունեցան։ Նախարարը փակեց աշխատասենյակի դուռը՝ լրագրողների տարբեր թեմաներով հարցերն անպատասխան թողնելով։ Միայն խոստացավ, որ բոլոր հարցերի պատասխանները կստանան իրենց աշխատանքի արդյունքում։

Որոշ ժամանակ անց ԱԳ նախարարը գործընկերների հետ դուրս եկավ աշխատասենյակից և քայլերն ուղղեց դեպի վերելակ։ Լրագրողներից շատերը, սակայն, չէին շտապել հեռանալ և շարունակեցին «հետապնդում-հարցախույզը»։ Լրագրողները համառորեն հարցեր էին տալիս, իսկ նախարար Այվազյանն էլ համառորեն լռում էր։ Նրա լռությունը խախտեց միայն լրագրողի հարցն այն մասին, թե Ալիևը հայտարարում է Բերձորը Բաքվի վերահսկողությանը հանձնելու մասին, թեպետ եռակողմ հայտարարության մեջ նման կետ չկա։

«Իսկ դուք ինչու՞ ուշադիր չեք կարդում մեր հայտարարություններն ու հղում չեք անում մեր հայտարարություններին»,- նշեց նախարարը։ Ավելին չասաց. ու վերելակի դռները փակվեցին։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Արա Այվազյանն ընդգծել է Պուտինի դերը պատերազմի դադարեցման գործում

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։