Ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնում զինադադարների. պարզաբանում է Ռոբերտ Քոչարյանը

Ըստ Քոչարյանի` այս պատերազմում կարելի էր չպարտվել ու պատերազմը տարածքային նվազագույն կորուստներով ավարտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. «5-րդ ալիքի» հետ հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ այս պատերազմում մենք ի վիճակի էինք չպարտվել։ Նրա կարծիքով՝ չպարտվելը կհամարեր բնագիծը պահելը կամ նվազագույն տարածքային կորուստներով պատերազմն ավարտելը։

«Ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնում զինադադարների, որովհետև ամեն օր ուներ հաջողություններ»,- ասաց 2-րդ նախագահն ու հավելեց, որ հաջողություններ ունեցող ոչ մի բանակ էլ կանգ չէր առնում։ Հիշեցրեց` 1993-94թթ.-ին իր վրա ահռելի մեծ ճնշումներ կային զինվորների առաջխաղացումը կանգնեցնելու համար, սակայն հաջողություններ ունեցող զինվորը կանգ չի առնում։  

Վարչապետի հրահանգով անցկացված «օպերացիան» դարձավ պատերազմի ամենամեծ ձախողումը. Քոչարյան

«Մեր ժողովուրդը չի պարտվել, մեր վարչապետն է պարտվել, այդ քաղաքական թիմն է պարտվել այս պատերազմում, որովհետև նրանց քայլերը բերեցին այս վիճակին»,- նշեց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այն պնդումներին, թե եթե կռիվը շուտ կանգնեցվեր զիջումների գնով, ապա իրեն դավաճան կանվանեին, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այդ իրավիճակի մեղավորը հենց իշխանություններն էին, որովհետև ժողովրդին ամեն օր խաբում էին հաղթական լուրերով։

«Հիմա պատկերացրեք, եթե ժողովուրդը իմանար, թե ինչ էր կատարվում, եթե իմանար, որ պարտվում է, եթե իմանար զոհերի իրական թիվը, չէր ասի, որ սա դավաճան է, կասեր՝ ճիշտ որոշում կայացրեց և ճիշտ պահին։ Բայց երբ որ քո ամբողջ քարոզչական մեքենան ասում է, որ մենք հաղթում ենք, մենք Գետաշենում ենք, մենք Շահումյանում ենք, և այդ հաղթարշավի մեջ գտնվող երկրի ղեկավարը հանկարծ ասում է՝ հոպ, զիջումներով մի պայմանագիր է ստորագրում, իհարկե՝ ասելու էին դավաճան է: Քեզ ասելու են դավաճան, որովհետև դու հորինել ես մի հեքիաթ, որը իրականության հետ կապ չուներ և ամբողջ երկիրը գերի է դարձել քո ստերին, դու ինքդ ես գերի դարձել քո ստերին»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։