Հայկական ու ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր խաչին

Հայկական կողմն ավելի վաղ հայտնել էր, որ համաձայն է գերիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։

«Այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը հաստատել է իր հանձնառությունը գերիների փոխանակման համար «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառման հարցում։

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ռուս խաղաղապահներն օգնել են գտնել և վերադարձնել կորած արցախցիներին

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: