ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր այս և այլ եզրահանգումներն է ներկայացրել Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։
ՄԻՊ գրասենյակը տեղեկացնում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել պատերազմում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված մարդու իրավունքների կոպիտ խախտումներին։ Ներկայացվել են զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական դաժանությունները։
«Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու համատարած վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը, դաժանությունները վկայում են Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական քաղաքականության մասին, որը շարունակվում է մինչ օրս»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանը նաև շեշտել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացները:
«Ադրբեջանը սրանով նպատակ ունի դիտավորությամբ հայ հասարակությունում ստեղծել անորոշության ու լարվածության մթնոլորտ, խաթարել հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը, հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքների անդամներին։ Այս ամենն Ադրբեջանում հայատյացության քաղաքականության մաս է կազմում»,- նշել է Արման Թաթոյանը:
ԱՄՆ-ն պատրաստ է օգտակար լինել գերիների փոխանակման գործընթացում. դեսպան
Թաթոյանն ընդգծել է, որ գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը րոպե առաջ հրատապ լուծում պահանջող խնդիր է։
ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։
Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:
Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: