ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Երևանի պետական համալսարանի դեկաններն ու ստորաբաժանումների ղեկավարները պահանջում են Ազգային ժողովից հետ կանչել վիճահարույց օրենքի նախագիծը։ ԵՊՀ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ խոսքը վերաբերում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց՝ ընդգրկվել էր կառավարության դեկտեմբերի 3-ի նիստի օրակարգում, հավանության արժանացել, ապա ուղարկվել ՀՀ Ազգային ժողով՝ հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ:
ԵՊՀ-ից ուշադրություն են հրավիրում ևս մի հանգամանքի վրա նշելով, որ օրենքի նախագիծն «անհիմն ու անբացատրելի մոտեցմամբ» է ընդգրկվել կառավարության անհետաձգելի հարցերի շարքում։ Սա այն դեպքում, երբ եռակողմ` «Հայաստանի Հանրապետության համար խիստ անբարենպաստ հայտարարությունից հետո մեր երկրի առջև ծառացան անհապաղ լուծման ենթակա մի շարք հիմնախնդիրներ, ինչպիսիք են՝ հումանիտար աղետ, տասնյակ հազարավոր տեղահանվածներ, հարյուրավոր գերիներ և անհայտ կորածներ, ինչպես նաև սահմանների հետ կապված բազմաթիվ հարցեր»։
Պետական համալսարանը մանրամասնում է, թե այս պայմաններում ինչպիսի օրենքի նախագիծ է կառավարության սեղանին դրվել։
«Խոսքը մի նախագծի մասին է, որը քննարկվել է ԵՊՀ գիտական խորհրդում ու տարբեր ստորաբաժանումներում և արժանացել բազմաթիվ էական դիտողությունների՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն, հիմքում չունենալով ՀՀ-ում բարձրագույն կրթության և գիտության զարգացման հստակ հայեցակարգ, իր կարգավորումներով վտանգի տակ էր դնում բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, հայագիտական առարկաների և հետազոտությունների գերակայությունը, գիտության կառավարումը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակն ու գոյությունն ընդհանրապես և բազմաթիվ այլ հարցեր»,- նշված է ԵՊՀ տարածած հաղորդագրության մեջ։
ԵՊՀ-ում վրդովված են, որովհետև իրենց մատնանշած դիտողություններից ոչ մեկը ոչ միայն հաշվի չի առնվել, այլև «վերջին պահին օրենքի նախագծում տեղ է գտել առավել վիճահարույց դրույթ՝ բուհերի կառավարիչների՝ ԿԳՄՍ նախարարի կողմից 5 տարուց ոչ ավել ժամկետով նշանակվելու վերաբերյալ»։
Ընդ որում՝ կառավարչի համար չի նախատեսվում բուհի ռեկտորի համար սահմանված ոչ մի պահանջ։
«Դա իսպառ ոչնչացնում է ՀՀ Սահմանադրությամբ և տարբեր օրենքներով նախատեսված բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունները` դրանով իսկ խախտելով կրթության և գիտության հիմնական շահառուների` ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գիտության ոլորտի աշխատակիցների իրավունքներն ու օրինական շահերը»,- պնդում են ԵՊՀ-ում։
Ուստի Երևանի պետական համալսարանի դեկաններն ու տարբեր ստորաբաժանումների պատասխանատուները պահանջում են հանրապետության գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար։
ԵՊՀ-ում նախազգուշացնում են՝ եթե օրենքի նախագիծը հետ չկանչվի, բարձրագույն կրթությանն ու գիտության զարգացմանը նպաստող նախագիծ չմշակվի, ապա իրենց իրավունք են վերապահում իրականացնելու Սահմանադրությամբ և օրենքներով չարգելված բոլոր գործողությունները նշված օրենքի ընդունումը և կիրարկումը կանխելու համար։