Բաքվում Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի պատճառով

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին Ադրբեջանի արտգործնախարարություն էին կանչել դեկտեմբերի 4-ի առավոտյան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ-ն Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին բողոքի նոտա է հանձնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի արտգործնախարարությանը։

ԼՂ–ին առնչվող բանաձևի ընդունումը խորհրդանշում է Ֆրանսիայի վճռական բողոքի ձայնը. Նաղդալյան

Հիշեցնենք` Ֆրանսիայի խորհրդարանը երեկ` դեկտեմբերի 3-ին, ընդունեց մի բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտությունը։

188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունված բանաձևը խորհրդատվական բնույթ ունի Ֆրանսիայի կառավարության համար։

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի ընդունած բանաձևից հետո Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել։

Ավելի վաղ` նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունել էր Արցախի անկախության մասին բանաձևի նախագիծ, որով դատապարտում էր Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ էր անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։