ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Արցախի իշխանությունը կարծում է, որ նոյեմբերի 9-ին եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո նոր պատերազմի պատրաստվելու կարիք չկա։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Այժմ միանշանակ դրա պատճառները չկան», - ասել է նա։
Նա ասել է նաև, որ հակամարտության վերջերս տեղի ունեցած սրման հետևանքով բնակիչների մեծ մասը լքել են Արցախը։
«Այս պահին նրանց կեսն արդեն վերադարձել են։ Դա նշանակում է, որ մարդկանց մոտ վստահություն կա։ Վստահությունն ամենակարևորն է», - ասել է Պողոսյանը։
Նրա խոսքով՝ օրական երկու-երեք հազար մարդ վերադառնում են հարազատ քաղաքներ ու գյուղեր, սակայն մեծ խնդիր կա կացարանային ֆոնդի հետ կապված։
«Եթե կացարանի խնդիր չլիներ, բոլորը վերադարձած կլինեին։ Գրեթե բոլոր այն մարդիկ, որոնք դեռ չեն վերադարձել, ապրելու տեղ չունեն. նրանք Ադրբեջանի օկուպացված տարածքներից են», - ասել է Վահրամ Պողոսյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։
Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։