ԱԱԾ-ն հարցաքննության հրավիրելու ծանուցագիր է ուղարկել Գագիկ Ծառուկյանին

Հատկանշական է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին միշտ տարբեր քրեական գործերով հարցաքննելու անհրաժեշտություն է առաջանում հատկապես կայանալիք հանրահավաքներից ընդամենը րոպեներ առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը լրացուցիչ հարցաքննության հրավիրելու վերաբերյալ  ծանուցագիր է ուղարկել ՀՀ Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին: Տեղեկությունը հայտնում է Ծառուկյանի պաշտպաններից Էմին Խաչատրյանը։

Դիմում ՍԴ-ին` առանց դիմումի. ԱԺ-ն շտկել է Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով արված սխալը

«Քաղաքական հետապնդումների և իրականությունից կտրված լինելու ևս մեկ ցայտուն փաստ։ Տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը, հավատարիմ  մնալով իր կողմից ձևավորած արատավոր ավանդույթին, ևս մեկ ծանուցագիր է ուղարկել ՀՀ  Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին 05.12.2020թ. ժամը 14:30-ին լրացուցիչ հարցաքննության հրավիրելու վերաբերյալ:  Նույն օրը  ժամը 15:00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքից ընդամենը 30 րոպե առաջ՝ ոչ աշխատանքային օրով Գագիկ Ծառուկյանին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ հրավիրելն իմ համոզմամբ ունի ընդամենը մեկ նպատակ. Զրկել վերջինիս Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու և հայ ժողովրդին իր խոսքն ուղղելու հնարավորությունից: Գագիկ Ծառուկյանը և իր պաշտպանական թիմը բազմիցս նշելեն, որ վերջին վեց ամիսների ընթացքում տեղի ունեցող գործողությունները բացառապես քաղաքական հետապնդման դրսևորումներ են , ինչի ցայտուն և վառ դրսևորումներից մեկն էլ հերթական ծանուցագիրն է»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

«Ամեն ինչ կառուցվել է ստի ու ֆեյքերի վրա». Ծառուկյանը վարչապետ դառնալու ցանկություն չունի

Խաչատրյանն ընդգծել է`հատկանշական է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին միշտ տարբեր քրեական գործերով հարցաքննելու անհրաժեշտություն է առաջանում հատկապես կայանալիք հանրահավաքներից ընդամենը րոպեներ առաջ։

«Ես արդեն վաղուց չեմ հավատում նման զուգադիպություններին, իսկ հետևությունները թողնում եմ մեր հասարակության խելամիտ և օբյեկտիվ հատվածին…»,– եզրափակել է պաշտպանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի  9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Առաջիկա շաբաթ օրը՝ ժամը 15:00–ին, ընդդիմությունը համապետական հանրահավաք է անցկացնելու: