ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Մոտ 10 օրից Արցախում բաժանորդների մի մասի համար շարժական ինտերնետը կրկին հասանելի կլինի։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ղարաբաղ Տելեկոմը հայտարարում է, որ սույն թվականի դեկտեմբերի 15-ից Արցախի Հանրապետության տարածքում հետվճարային բաժանորդների համար հասանելի կլինի շարժական համացանցը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Արցախի ամբողջ տարածքում կապի ու հաղորդակցության համակարգը վնասվել էր պատերազմի հենց առաջին օրից։
Հավելենք, որ մոտ ժամանակներս ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի։ Այդ մասին նշել էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Beeline բրենդի ներքո գործող «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայանների գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Խավարից դուրս եկող քաղաքը, կամ Ստեփանակերտում խնդիրները շատ են, բայց մեկն ամենակարևորն է
ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն էլ տեղեկացրել էր, որ Արցախում վերականգնվել է բջջային կապը: Գործընթացն իրականացվել է ռուս խաղաղապահների անմիջական աջակցությամբ: