Թորոսյանը պատվաստվել է Covid-ի դեմ. նա ՀՀ–ում առաջինն է փորձարկել ռուսական պատվաստանյութը

ՀՀ առողջապահության նախարարը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Նա անցել է պատվաստման առաջին փուլը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջինն է Հայաստանում, որ պատվաստվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Թորոսյանն անցել է պատվաստման առաջին փուլը, իսկ երբ ժամանակը գա, երկրորդն էլ կանի», – ասաց Նիկողոսյանը:

Հիշեցնենք` Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել Covid-19–ի դեմ պատվաստանյութը, որը ստեղծել են Գամալեայի կենտրոնը և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Առաջին խմբաքանակն արդեն շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։

Նոյեմբերի 21-ին Հայաստան էր ժամանել Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը, որում նաև առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ էին ընդգրկված։ Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին էր փոխանցել կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի` «Սպուտնիկ V»-ի առաջին նմուշները։

Ալինա Նիկողոսյանը նոյեմբերի 23-ին Sputnik Արմենիային հայտնել էր, որ Հայաստանին տրամադրված «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակները կօգտագործվեն մի քանի կամավորների պատվաստելու համար։