ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հայաստանում ներկայացված բոլոր դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին ներկայացրել է հայ զինվորների ու քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանի ԶՈւ–ի խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը։ Թաթոյանը Facebook–ի իր էջում գրառում է արել` տեղեկացնելով, որ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ խոսել է մասնագիտական մշակված ապացույցներով ու վերլուծությամբ։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են գերիների վերադարձի գործընթացը, առաջացնում են խոչընդոտներ՝ հայ հասարակությունում լարվածությունը մեծացնելու ու հոգեկան տառապանքներ պատճառելու նպատակով»,–ասել է Թաթոյանը։
Նա նաև ներկայացրել է, որ նույն համոզմունքն ունի նաև Արցախի գործընկերը՝ Արտակ Բեգլարյանը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ հիմնավորել են, որ այսօր գլխավոր հարցը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձն ու զոհվածների մարմինների փոխանակումն է:
Հիշեցնենք` այսօր ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է, որ գերիների փոխանակման գործընթացը պետք է իրականացվի առանց հապաղման։
ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։
Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:
Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: