ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի հարավային մասում վնասազերծել են ավելի քան 100 պայթուցիկ առարկա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ականազերծման ընթացքում սակրավորները մեկ օրվա մեջ հայտնաբերել ու վնասազերծել են մոտ 100 պայթուցիկ առարկա։ Հայտնաբերումից հետո պայթուցիկ առարկաները տարվում են հատուկ հարմարեցված զորավարժարան ու ոչնչացվում։ Ռազմամթերքը, որն անհնար է տարհանել, տեղում է վերացվում՝ անվտանգության անհրաժեշտ կանոնների պահպանմամբ», - նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 38 հեկտար տարածք, ավելի քան 12 կմ ճանապարհ, ստուգվել է 117 տուն և սոցիալական օբյեկտ, հայտնաբերվել ու վնասազերծվել է ավելի քան 1100 պայթուցիկ առարկա։ Բացի այդ, ռուս խաղաղապահներն ապահովում են էլեկտրահաղորդման գծերի, գազատարի, կապի գծերի ու տրանսֆորմատորային ենթակայանների վերականգնման աշխատանքների անվտանգությունը։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են