Շուշեցիները խաղաղ ակցիա են իրականացնում ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց

Արցախ վերադարձողները բնակարանի խնդիր ունեն, քանի որ Ստեփանակերտ են վերադառնում Ադրբեջանի տիրապետության տակ անցած բոլոր բնակավայրերի բնակիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց շուշեցիները ակցիա են անում։ Նրանց խոսքով՝ պետությունից ոչինչ չեն պահանջում, միայն իրենց հետագա անելիքներն են ուզում հասկանալ։

Ակցիայի մասնակիցներից մեկի՝ Ստելլա Միրզոյանի խոսքով՝ իրեն լրիվ օտար, բայց բարի մարդիկ հոկտեմբերի 27-ից իր ընտանիքին Հայաստանում ապրելու տեղ են տվել և մինչ օրս այստեղ է բնակվում։

«Տղաս Ստեփանակերտում է, հետաքրքրվում է, դեռևս կացարան չկա, ժողովուրդը շատ են, ասում են` հնարավորություն չկա բոլորին միանգամից տեղավորելու։ Ես կրկնակի փախստական եմ, Բաքվից էլ եմ փախել, հիմա էլ Շուշիից, բայց պետությունից ոչինչ չեմ պահանջել, հիմա էլ չեմ պահանջում։ Այս պահին պահանջելը ճիշտ չէ, պետությունը առանց այն էլ վատ վիճակում է, ուղղակի ուզում ենք հասկանալ մեր հետագա անելիքները։ Ինքներս չենք կարողանում ինչ-որ բան որոշել, քանի որ ոչնչից տեղյակ չենք։ Ուղղակի մեր անելիքներն իմանանք. էլի կստեղծենք, կապրենք»,-ասում է տարեց կինը։

Նրա խոսքով՝ Շուշիում երկու բնակարան, փոքր բիզնես, աշխատանք է թողել, որով հոգում էին իրենց օրվա հացի խնդիրը։

Կինը նշում է, որ այժմ էլ Արցախ վերադարձողները բնակարանի խնդիր ունեն, քանի որ Ստեփանակերտ են վերադառնում Ադրբեջանի տիրապետության տակ անցած բոլոր բնակավայրերի բնակիչները։

Ինչպես չսխալվել սահմանները գծելիս․ պարզաբանում է ՀՀ սահմանապահ զորքերի նախկին հրամանատարը

«Եթե Արցախում կացարան լինի, ես հենց այսօր էլ պատրաստ եմ վերադառնալ ու այնտեղ ապրել, բայց ես պատրաստ չեմ իմ թոռնիկներին ինձ հետ տանել, նրանք այնքան բան են տեսել, որ դեռ շոկի մեջ են։ Ես ամուսնուս հետ կվերադառնամ, բայց երեխաներիս ու թոռներիս համար դեռ ժամանակ է պետք»,-ասաց տարեց կինը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։