Սեդրակ Առուստամյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

«Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրենը կալանքի տակ էր դեռ այս տարվա ապրիլից։ Դատարանը, սակայն, փոխեց նրա խափանման միջոցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանն ազատության մեջ է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա դուստրը` ԲՀԿ–ական պատգամավոր Նորա Առուստամյանը։

Նա հավելեց, որ Առուստամյանն ազատ է արձակվել գրավի դիմաց։

Նշենք, որ նման որոշում է կայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։

Հիշեցնենք, որ Առուստամյանը կալանավորվել էր ապրիլին։

ՀՀ քննչական կոմիտեն ապրիլի 8-ին տեղեկացրել էր, որ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու ընթացքում օրենսդրության պահանջները չպահպանելու դեպքով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը)։ Խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին։ Իսկ ՀՔԾ–ում քննվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությանն առնչվող քրեական գործի շրջանակում 2019-ի սեպտեմբերի 19–ին Սեդրակ Առուստամյանին մեղադրանք էր առաջադրվել, և նրան կալանավորելու որոշում կայացվել։

Սակայն սեպտեմբերի 22–ին Առուստամյանը 20 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել։

«Մուլտի Գրուպի» տնօրենին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ֆինանսական բուրգ ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաև հարկային պարտավորություններից խուսափելու համար։