ՀՀ-ում գործող կապի օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի

Վահրամ Պողոսյանն ավելի ուշ գրառում է կատարել՝ նշելով, որ մի քանի օրերի գրեթե քսանչորսժամյա աշխատանքից հետո Արցախում վերականգնվել է կապը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Beeline բրենդի ներքո գործող «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայանների գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը Հարությունյանը հայտնել է Facebook-ի իր էջում։

Արայիկ Հարությունյանն ընդունել է անհետ կորածների և գերիների հարազատներին

«Քննարկել ենք Արցախում հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Համաձայնություն ենք ձեռք բերել համագործակցության, որի շրջանակներում կցուցաբերվի տեխնիկական և մասնագիտական մեծածավալ օգնություն, ինչն էլ էականորեն կբարելավի կապի ոլորտի ծառայությունների որակը Արցախում։ Ի դեպ, մոտ ժամանակներս ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի»,–նշել է Հարությունյանը:

Նախագահի հանձնարարականի համաձայն՝ կառավարությունն այս ուղղությամբ իրականացնում է ինտենսիվ բանակցություններ, որոնք, ընդհանուր առմամբ, պետք է հաջողված համարել:

«Կարող եմ հավաստիացնել, որ արդեն գալիք տարվա սկզբին կունենանք ՀՀ-ում մատուցվող կապի ոլորտի ծառայությունների որակին և գներին համարժեք կապ՝ բջջայինի պարագայում՝ առանց ռոումինգի հավելավճարի»,–նշել է նախագահը:

Նա հավելել է, որ վերջին շաբաթների ընթացքում տեխնիկական պատճառներով Արցախում առաջացած կապի խնդիրները մինչև օրվա ավարտ հիմնականում կլուծվեն:

ՀՀ-ում գործող կապի օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն ավելի ուշ գրառում է կատարել՝ նշելով, որ մի քանի օրերի գրեթե քսանչորսժամյա աշխատանքից հետո Արցախում վերականգնվել է կապը: Գործընթացն իրականացվել է ռուս խաղաղապահների անմիջական աջակցությամբ: 

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը