Հայկական կողմը համաձայն է գերիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին. նախարար

ԱԳՆ նորանշանակ նախարարը վստահեցրել է, որ գերիների փոխանակման համար ձեռնարկվում են հստակ քայլեր. այս հարցի շուրջ կա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների անձնական հանձնառությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հայտարարել է, որ հայկական կողմը հաստատել է իր հանձնառությունը գերիների փոխանակման համար «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառման հարցում։ Այվազյանն այդ մասին հայտնել է «Արմենպրեսի» հետ զրույցում։

«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն արհեստական խոչընդոտներ չի առաջացնի այս հարցում: Գործում է գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, որը ղեկավարում և համակարգում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Գերիներին, պատանդներին և անհայտ կորածներին վերաբերող բոլոր հարցերի շուրջ բանակցությունները տարվում էին այդ խողովակով»,–ասել է նորանշանակ նախարարը։

Այվազյանի խոսքով` հարցի շուտափույթ հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվում են հստակ քայլեր. այս հարցի շուրջ կա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների անձնական հանձնառությունը: Խոսքը ներկա փուլում կողմերի մոտ առկա գերիների ցուցակների հստակեցման և ապա փոխանակման մեխանիզմների գործարկման մասին է:

Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել է իր զոհերի, վիրավորների, գերի ընկածների ու անհետ կորածների թիվը

Այվազյանը հայտնել է նաև, որ հիմա առաջնահերթ է գերության մեջ գտնվողների իրավունքների պաշտպանությունը և արագ ու ապահով վերադարձը հայրենիք, դիակների փոխանակման և անհետ կորած անձանց որոնողական աշխատանքների իրականացումը։

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: