Հայաստանը մեզ չի խնդրում ճանաչել Ղարաբաղը. Ֆրանսիայի արտգործնախարար

Ղարաբաղի ճանաչումը կնշանակի, որ Ֆրանսիան չի կարող հանդես գալ որպես հակամարտության միջնորդ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանը Ֆրանսիային չի խնդրում ճանաչել Ղարաբաղը։ Այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատում Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին բանաձևի նախագծի քննարկման ժամանակ (մի քանի օր առաջ նման նախաձեռնություն քննարկվել էր Սենատում, այսինքն՝ խորհրդարանի Վերին պալատում)։

«Պատերազմի ժամանակ ռմբակոծությունները չխնայեցին ո՛չ հիվանդանոցները, ո՛չ տաճարները, հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված եղան լքել իրենց տները։ Ֆրանսիայում ոչ ոք չպետք է անտարբեր մնա այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Ղարաբաղում»,–հավելել է նախարարը:

Նա ընդգծել է, որ հասկանում է պատգամավորներից շատերի վրդովմունքը ռազմական հանցագործությունների, կասետային և ֆոսֆորային ռումբերի օգտագործման կապակցությամբ: Շատերը, այդ թվում ՝ նախարարը, խստորեն դատապարտում են Սիրիայից օտարերկրյա վարձկանների ներգրավումը։

Ֆրանսիայի խորհրդարանը Ղարաբաղը ճանաչելու կոչով բանաձև ընդունեց

Շատերը, ինչպես և նախարարն ինքը դատապարտում են Թուրքիայի գործողությունները, որի մրցակցությունը Ռուսաստանի հետ անկայունության է հանգեցնում տարածաշրջանում։ Լը Դրիանի խոսքով` Թուրքիան վճռական աջակցություն է ցուցաբերել հակամարտության կողմերից մեկին, այդ թվում ՝ վարձկաններ ուղարկելով, ինչպես դա արել է Լիբիայում:

«Այդուհանդերձ, ես աջակցում եմ բանաձևի նախագծին, քանի որ մեր հայ ընկերները մեզ չեն խնդրում այդ մասին, և իրենք չեն ճանաչել Ղարաբաղը։ Իմ հայ գործընկերը՝ պարոն Այվազյանը, մեզ այլ բան է խնդրում՝ աջակցել հրադադարին և ապահովել մարդկանց վերադարձը իրենց տներ», - ասել է Լը Դրիանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունել էր Արցախի անկախության մասին բանաձևի նախագիծը։

Այս բանաձևով Սենատը դատապարտում էր Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ էր անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։