Հայաստանի ու Իտալիայի արտգործնախարարներն անդրադարձել են Արցախում ստեղծված իրավիճակին

Արա Այվազյանն իր իտալացի գործընկերոջը տեղեկացրել է, որ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմում Թուրքիան ունեցել է ամենաանմիջական մասնակցություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ: Տեղեկությունը հայտնում են արտգործնախարարությունից։

ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկվել են գերիների, անհայտ կորածների, դիերի փոխանակման հարցերը

Ընդունելով իտալացի իր գործընկերոջ շնորհավորանքները ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Այվազյանը հույս է հայտնեց, որ երկուստեք ջանքեր կներդրվեն հայ-իտալական երկկողմ օրակարգն առավել հարստացնելու և արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և տարածաշրջանային զարգացումներին։ ՀՀ ԱԳ նախարարը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից գերության մեջ հայտնված անձնանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումների առնչությամբ:

Հեռախոսազրույցի ժամանակ նախարար Այվազյանը նշել է, որ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմում Թուրքիան ունեցել է ամենաանմիջական մասնակցություն ինչպես Ադրբեջանին ցուցաբերված անվերապահ ռազմաքաղաքական աջակցության, այնպես էլ՝ Մերձավոր Արևելքից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման ձևով:

Արցախի ԱԳՆ–ն ողջունում է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը

Հակամարտության կարգավորման համատեքստում Արա Այվազյանը վերահաստատել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն է մնում Արցախի ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի լիարժեք և արդար իրացումը:

Զրուցակիցները կարևորել են խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: