ԵԱՀԿ ՄԽ–ն հորդորում է բոլոր վարձկաններին արագ հեռանալ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից

Օտարերկրյա վարձկաններին պետք է անհապաղ դուրս բերել տարածաշրջանից, իսկ հետո անցնել գերիների փոխանակմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Բոլոր օտարերկրյա վարձկանները պետք է անհապաղ դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից։ Այս մասին ասված է Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի պատվիրակությունների ղեկավարների` Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ժան–Իվ լը Դրիանի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի համատեղ հայտարարության մեջ, որը նրանք ընդունել են ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում։

Հայկական կողմը համաձայն է գերիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին. նախարար

Համանախագահները կարևորում են Ռուսաստանի ջանքերը հետագա ռազմական գործողությունները կանխելու համար։

Պատվիրակությունների ղեկավարները Հայաստանին և Ադրբեջանին կրկին հիշեցնում են միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու անհրաժեշտության մասին, իսկ դա նշանակում է որքան հնարավոր է շուտ զոհվածների դիակների և գերիների փոխանակում իրականացնել: Նրանք ընդգծում են փախստականների կամավոր, անվտանգ և երկարաժամկետ վերադարձի երաշխիքների կարևորությունը՝ նրանց իրավունքների և անձնական արժանապատվության պահպանմամբ։ Շեշտվում է նաև Ղարաբաղում պատմական և մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը։

Համանախագահող երկրները կոչ են անում միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ Կարմիր խաչին և ՄԱԿ-ի կառույցներին օգնել հաղթահարել հումանիտար դժվարությունները: Համանախագահներն ընդգծում են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի և նրա թիմի աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը:

Նրանք Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում առաջին հնարավորության դեպքում ընդունել Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի հակամարտության վերջնական լուծման նպատակով ձեռնամուխ լինեն առարկայական բանակցությունների:

Համանախագահները կրկին ընդգծում են հակամարտություններն առանց ուժի սպառնալիքի կարգավորելու անհրաժեշտությունը։

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

Նշենք, որ հայկական կողմին արդեն հաջողվել է գերեվարել 2 սիրիացի վարձկան–ահաբեկչի։ Նրանցից առաջինին` Մեհրեդ Մուհամմադ Ալշխերին, բռնել են հոկտեմբերի 30–ին, իսկ երկրորդին` Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիին, հայ զինծառայողները գերեվարել են նոյեմբերի 1–ին։ Նրանք արդեն ցուցմունք են տվել և պատմել իրենց հավաքագրելու պայմանների մասին։