Վարձկաններին դուրս բերելու համար ԵԱՀԿ երկրները պետք է ազդեն Թուրքիայի վրա. Այվազյան

Օտարերկրյա ահաբեկիչները դեռ Ղարաբաղում են, և ազդակներ չկան, որ նրանց այնտեղից դուրս կբերեն։ ԵԱՀԿ-ն պետք է միջոցներ ձեռնարկի, քանի որ ահաբեկչության դեմ պայքարի պարտավորություններ է ստանձնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ԵԱՀԿ անդամ երկրների նախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ անդամ երկրները պետք է ճնշում գործադրեն Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս վարձկաններին դուրս բերի Լեռնային Ղարաբաղից:

«Կոչ ենք անում ԵԱՀԿ մասնակից բոլոր պետություններին շարունակել ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ իր զինված անձնակազմն իր հետ առնչություն ունեցող ահաբեկչական խմբավորումների հետ միասին դուրս բերելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և Հարավային Կովկասից: Առայժմ չկա որևէ ազդակ, որ օտարերկրյա զինյալ ահաբեկիչները դուրս են բերվում հակամարտության գոտուց: Ընդհակառակը, հավաստի տեղեկություններ կան Ադրբեջանի կողմից զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրության ընդլայնման և Արցախի օկուպացված շրջաններում նրանց վերաբնակեցման ծրագրերի մասին»,– ասել է Այվազյանը։

Ֆրանսիայի խորհրդարանը Ղարաբաղը ճանաչելու կոչով բանաձև ընդունեց

Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորումը պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ մեխանիզմն է:

Հիշեցնենք` Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

Նշենք, որ հայկական կողմին արդեն հաջողվել է գերեվարել 2 սիրիացի վարձկան–ահաբեկչի։ Նրանցից առաջինին` Մեհրեդ Մուհամմադ Ալշխերին, բռնել են հոկտեմբերի 30–ին, իսկ երկրորդին` Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիին, հայ զինծառայողները գերեվարել են նոյեմբերի 1–ին։ Նրանք արդեն ցուցմունք են տվել և պատմել իրենց հավաքագրելու պայմանների մասին։