Ցրտերը սարերի հետևում չեն. այգեթաղը պետք է ավարտել սեղմ ժամկետներում

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ դեկտեմբերի երրորդ տասնօրյակում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը։

Խաղողագործները խախտում են հերթերն ու խնդիրներ ստեղծում. նախարարը հետևել է մթերման ընթացքին

«Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդած տեղեկատվության՝ հանրապետության գրեթե բոլոր մարզերում գիշերային ժամերին կանխատեսվում է շարունակական բացասական ջերմաստիճան։

Դեկտեմբերի երրորդ տասնօրյակում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-12C, ուստի հորդորում ենք Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում ավարտել խաղողի այգիների այգեթաղի աշխատանքները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարությունը միաժամանակ խորհուրդ է տալիս տերևաթափից հետո պտղահատապտղատու այգիներում կատարել սրսկում բորդոյան հեղուկի 3%-անոց լուծույթով:

Հիշեցնենք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնել էր` դեկտեմբերը կանցնի նորմայից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով։ Տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս։

Հայաստանում հնարավո՞ր է ապրել խաղողագործությամբ. փորձագետների կարծիքները տարբեր են